Սեպտեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան։ Որպես մենակատար հրավիրված է Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար Էդուարդ Կունցը, իսկ ծրագրի գլխավոր՝ առաջին մասում, կհնչի Պյոտր Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտը։
ՀՀ պետական ամենանշանակալի օրվա տոնական համերգի այդօրինակ ծրագիրը (պինդ բռնվեք) ռուսների ցանկությամբ է կազմվել։ Սեպտեմբերի 21-ի տոնական համերգի գլխավոր հովանավորը՝ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն է, որը Հայաստանում զբաղված է թանկարժեք մետաղների, մասնավորապես՝ ոսկու հանքերի շահագործմամբ։ Ինչպես հայկական ամեն մի ռազմավարական օբյեկտ, ռուսական հերթական ընկերությանն են տրվել նաեւ Հանքավանի ոսկու հանքավայրը, Սոթքը, Արարատի ոսկու կորզման հանքը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Ինչպես մեզ փոխանցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Արտիստական եւ երգացանկային բաժնից, Ֆիլհարմոնիկ նվագախմբին է դիմել ոմն Ռուզան Գրիգորյան՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից, առաջարկելով հովանավորել սեպտեմբերի 21-ի տոնական համերգը։ Բնականաբար, նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ինչպես նաեւ ՀՊՖՆ տնօրինությունը համաձայնել են առաջարկին։
Ի դեպ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մշտական հովանավորների ցանկում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության անունն ընդհանրապես չկա։ Այսինքն, այս ընկերության ղեկավարության մոտ ցանկություն է առաջացել հովանավորել հատկապես Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգը։ Մի միջոցառում, որ փաստորեն, ՀՀ պետական կառույցները, առանձին օլիգարխներ, բարերարներ այնքան չեն կարեւորել, որպեսզի իրենք հովանավորեին։
Կարդացեք նաև
Այնպես որ, Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամություն հայտնելուց հետո Հայաստանն իր անկախության առաջին տոնակատարության գլխավոր միջոցառումն անցկացնում է ռուսների փողով եւ ռուսների պատվերով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում