Հատված «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Ինչո՞վ է Եվրոպան օգնել 4 տարի շարունակ ասոցացման ուղին բռնած Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կարո՞ղ եք բերել մեկ օրինակ:
-Հայաստանի տնտեսության մեջ փոփոխություն չէր կարող լինել, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել:
–Մաքսային միությանը միանալու պայմանագիրը եւս դեռ ստորագրված չէ, սակայն Ռուսաստանի նախագահը կոնկրետ առաջարկներ ներկայացրեց Հայաստանին՝ երկաթգիծ, նոր ատոմակայանի կառուցում, «Նաիրիտի» վերագործարկում եւ այլն:
-Դրանք խոստումներ են ու դեռ չգիտեմ՝ կկատարվե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ 100 մլն դոլարի փոխարեն մենք հսկայական գույք տվեցինք, ու այդ ձեռնարկությունները մինչեւ օրս չեն աշխատում: Մեր կասկածն ու թերահավատությունը հիմքեր ունեն:
–Գազի գնի հնարավոր փոփոխությա՞նն էլ եք կասկածում, չնայած տնտեսագետները փաստում են, որ մաքսատուրքի վերացմամբ գազի գինը կիջնի առնվազն 30 տոկոսով:
-Հայաստան ներկրվող ապրանքների մեծ մասը՝ 70 տոկոսը, գալիս է ոչ Մաքսային միության երկրներից, իսկ դա նշանակում է, որ ՄՄ անդամակցման դեպքում Հայաստանում սպասվում է այդ ապրանքների գնաճ:
–Իսկ ի՞նչ կասեք եվրոպացի մասնագետների կատարած ուսումնասիրության մասին, որում մեզ անկեղծորեն ասացին, որ ԵՄ ասոցացման դեպքում Հայաստանում կպակասի բանջարեղենի, խմիչքների, մսեղենի արտադրությունը, քանի որ կավելանան եվրոպական ապրանքների ներմուծման ծավալները: Այսինքն՝ Հայաստանի գյուղատնտեսությունը դառնում է թիրախ:
-Ցանկացած պարագայում, կարծում եմ, եթե Հայաստան ներմուծվի որակյալ ապրանք, ապա դա լավ է մրցակցության համար, եւ երկրորդ՝ մեր գյուղատնտեսական ապրանքները շատ ավելի մատչելի կդառնան եվրոպական շուկայի համար:
–Մտավախություն չկա՞, որ հայկական արտադրանքը կհամարվի եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ու դուրս կմղվի եվրոպական շուկաներից, որոնք, ի դեպ, վաղուց գերզբաղված են:
-Որպես հարցի պատասխան բերեմ հետեւյալ օրինակը. այն պահին, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը արգելք դրեց մոլդովական գինիների վրա, Ֆյուլեն հայտարարեց, որ պետք է շատ շտապ որոշում ընդունել մոլդովական գինին Եվրոպա հասցնելու համար: Մենք շոշափելիորեն տեսանք, որ ԵՄ-ն փորձեց բարենպաստ ռեժիմ ստեղծել այն պետության համար, որը պատրաստվում է ստորագրել Ասոցացման պայմանագիրը:
–Բայց ձեր օրինակը մի շատ կարեւոր բան հուշեց, որ գործ ունենք ոչ թե տնտեսական աջակցության, այլ զուտ քաղաքական գործոնի հետ. այս դրվագով եւս հաստատվեց, որ Եվրոպայի նպատակը ոչ թե օժանդակելն է, այլ հնարավորինս շատ երկրներ ռուսական ազդեցության տիրույթից պոկելը:
-Համաձայն չեմ: Իսկ ես այլ բան եմ տեսնում. մի կողմում մարդու կարծիքը հաշվի են առնում, մյուս կողմում՝ մեծ մուրճով խփում են:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում