Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հրաժարվել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ելույթ ունենալուց: Հայտնում է «Գարդյան» թերթը:
Օլիմպիական խաղերի բացմանը երգելու առաջարկը մերժելու պատճառը եղել է Ռուսաստանում միասեռականների դեմ ընդունած օրենքը: Երգչուհին ասել է, որ նա «անմիջապես» հրաժարվել է՝ համերաշխություն հայտնելով ռուս միասեռականների համայնքին:
Կանադական «Մաքլին» հանդեսի հետ զրույցում Շերը հայտնել է, որ հեռախոսազանգ է ստացել իր օլիգարխ ընկերոջից. «[Նա] ինձ հարցրեց, թե կուզեմ լինել օլիմպիական խաղերի դեսպանը և բացել արարողությունը», – ասել է նա, – «Ես անմիջապես ասացի՝ ոչ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչու է միասեռականների նկատմամբ ատելությունը պայթել այդտեղ: Նա ասաց՝ ռուս ժողովուրդը նույն կերպ չի մտածում, ինչ իշխանությունը»:
Թեպետ Շերն ասել է, որ չի կարող անուններ տալ, սակայն «Գարդյան»-ը, հաշվի առնելով Ռուսաստանում ելույթ ունենալու Շերի ստացած նախկին հրավերները, ենթադրում է, որ երգչուհու ընկերը միլիարդատեր Սուլեյման Քերիմովն է, որը նաև Շերի մեծ երկրպագուն է և 2012թ. նրան հրավիրել էր Մոսկվա՝ մասնավոր խնջույքի:
Կարդացեք նաև
Շերը երկար տարիներ զբաղվում է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ: Նրա դուստրը վիրահատության միջոցով փոխել է իր սեռը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ