Կառավարությունը երկուշաբթին՝ սեպտեմբերի 16-ը, հայտարարել էլ ոչ աշխատանքային օր, քանի որ, այն հաջորդում էր Առաքելական եկեղեցու վերջին տաղավար տոնին՝ Սուրբ Խաչին, և այդպիսով համարվում է մեռելոց:
Երևանի փողոցներում փորձեցինք ճշտել մեռելոցը ոչ աշխատանքային օր համարելու մարդկանց վերաբերմունքը:
Արմինեն, ով աշխատում են Երևանի արագ սննդի կետերից մեկում ոչ աշխատանքային օրվա մասին ընդհանրապես տեղյակ չէր. «Ինձ համար տարբերություն չկա, աշխատանքային է, ոչ աշխատանքային է: Ոչ աշխատանքային օրերը չեն վերաբերվում ինձ»:
Հագուստի խանութի տնօրեն Հասմիկը կարծում է, որ օրը ոչ աշխատանքային համարելը մարդու իրավունքների խախտում է. «Փաստորեն՝ ինձ ստիպում են գնալ գերեզմաններ, կարծում եմ, դա ամեն մարդու անձնական գործն է: Իսկ խանութի աշխատանքին այն չի խանգարում, մենք նորմալ աշխատում ենք այդ օրերին»:
Կարդացեք նաև
Մի խումբ աշակերտներ էլ հայտարարեցին, որ իմաստ չունի՝ միևնույնն է շաբաթ օրը դասեր են ունենալու:
Իսկ Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Ժենյա Խաչատրյանը մերժողական է մոտենում մեռելոցը ոչ աշխատանքային օր համարելուն. «Սուրբ խաչը տոն մեռելոց է, հանգուցյալների հիշատակության օր է: Այդ օրը հանգուցյալներին հարգանք են մատուցում գերեզմաններում: Համարվում է, որ այդ գիշեր բոլոր հանգուցյալները գալիս են իրենց հարազատներին տեսության և նրանց վրա լույս է իջնում: Իսկ մեռելոց օր Սուրբ Խաչին չի եղել. դա նոր մոտեցում է, ես չգիտեմ՝ ով է մտցրել: Ես դա չեմ համարում ո՛չ աշխատանքային օր, ո՛չ մեռելոց»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ