Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրա Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Առինջ գյուղի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գագիկ Հայրապետյանի դեմ անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով դատական նիստը:
Կալանավայրից դատարան էր բերվել նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված, այս գործով տուժող ճանաչված Արտյոմ Հակոբյանը:
Վերջինը ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի էլ, կողոպուտ կատարելու համար ներկայումս էլ գտնվում է կալանքի տակ, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթն էլ գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Արտյոմ Հակոբյանը մեղադրվում է անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանի Բագրատունյաց պողոտայում` Երեւանյան լճի մոտ, Արսեն Փարեմուզյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, նրանից բացահայտ «Նոկիա» տեսակի հեռախոս հափշտակելու, փախուստի դիմելու, իրական տուժողին զգալի չափի գույքային վնաս պատճառելու համար:
Այսօր դատարան էր ներկայացել վկա Գայանե Եդիգարյանը:Նա ասաց, որ մեկ տարի առաջ իրեն զանգել են Արտյոմենց տնից, ասել են հաց բեր: Արտյոմենց տանն են եղել Հովհաննես Հովհաննիսյանը, որին ճանաչել է իր տալը, քանի որ Հովիկն աշխատել է Առինջ գյուղի գերեզմանատանը, իսկ տալի երեխան էլ մահացել էր, քար պիտի պատվիրվեր, նրա մայրը, Արտյոմի մայրը:
Կարդացեք նաև
Երբ վկան ասել է, թե տուն պիտի գնա, Արտյոմը քաշքշել է, հրել, հայհոյել, ասելով, թե չի գնալու. «Արտյոմը անընդհատ զանգում էր, սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, ինձ անհանգստացնում էր, ասում էր ` ոտքդ կջարդեմ: Ես նադայել եղած զանգեցի Հովիկին, ասացի, որ դրան ասի, որ ինձ չանհանգստացնի:Արտյոմին ասացի, որ ասելու եմ լավ տղաներին, նա էլ թե` Հովիկի՞ն ես ասելու, ու հայհոյեց նրան»: Ըստ վկայի, իրեն թվացել էր, որ երբ Հովիկը զանգել է, խոսափողը միացած է եղել, այնտեղից լսել է Արտյոմի ձայնը` թե չեմ ասել, ու անջատվել է հեռախոսը:
Վկան ասաց, որ Արտյոմն անգամ իր աչքի առաջ ծեծել է մորը` Ժենյա Հակոբյանին, երբ նա ասել է` էդ աղջկա հետ գործ չունես:
Մեղադրող Գրիգորյանի հարցին, թե որն էր պատճառը, որ իրեն զանգել է տուժողը, Գայանե Եդիգարյանն ասաց. «Ասում էր իմը պիտի լինես, ոտքերդ կջարդեմ, եթե գնաս»:
Հաջորդ հարցին էլ, թե «Կապ ունե՞ս «լավ տղաների» հետ, ովքեր են նրանք»,վկան պատասխանեց. «Լավ տղաները նրանք են, ովքեր եթե իմանան, որ ինձ նեղացնում են, կկանգնեն կողքիս»:
Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանի հարցին էլ, թե վկայի հեռախոսի համարը որտեղից է հայտնվել տուժողի մոտ, վկան պատասխանեց, թե իր տալն է տվել:Ի դեպ, միջանցքում էր նաեւ նրա տալը` Արեգնազ Եդիգարյանը:
Վկան Գագիկին տեսել է դատարանում, եւ չէր ճանաչում:
Դատավոր Յու. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հաջորդ վկան` Ժենյա Հակոբյանը չի ներկայացել դատարան, իսկ ոստիկանությունը երկու անգամ չի կարողացել բերման որոշումը կատարել, քանի որ ըստ նրանց գրությունների, վկայի գտնվելու վայրը հայտնի չէ:
Պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի բերման որոշումը ոստիկանները կատարեն պատշաճ: Նա ասաց, որ լուսանկարներ կան, որով պարզ է, որ նա ապրում է այն հասցեում, որտեղից չեն գտնում վկային, անգամ ասաց, որ կարող է դատարանին տրամադրել հեռախոսահամար, որով կարող են կապվել վկայի հետ:
Դատական նիստից հետո վկան «վերցրեց» հեռախոսը եւ պատասխանեց մի քանի հարցերի: Դատարանը երրորդ անգամ բերման որոշում կայացրեց եւ հետաձգեց դատական նիստը:
Ի դեպ, դատական նիստը չէր տեսաձայնագրվում, իսկ դահլիճի վատ լուսավորության պատճառով հրաժարվեցինք նկարահանումներ կատարել:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ Հովհաննեսը մարմնական վնասվածք է հասցրել իրեն, հափշտակել իր բջջային երկու հեռախոսները: Մինչդեռ, ինչպես տեղեկացրել ենք, տուժողը ամբաստանյալին հեռախոս է առաջարկել գնելու համար, Հովիկը տվել է իր մոտ գտնվող գումարը, նստել են ,հաց կերել, իսկ երբ Գայանեն զանգել էր,Հովիկը ապտակել էր Արտյոմին:Ոստիկանության բաժին են տարվել «տուժողի» հաղորդումից հետո Հովհաննեսենց տան աշխատակցին` Գագիկին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ