Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի նախագահի բոլոր թեկնածուները պարտավոր են հստակեցնել վրացահայությանը հուզող խնդիրների նկատմամբ իրենց դիրքորոշումը»․ Վ․Չախալյան

Սեպտեմբեր 17,2013 18:08

2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը

Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, կրոնական և մշակութային խնդիրները՝ սահմանելով դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ:

Մասնավորապես, լուծման են սպասում հետևյալ հիմնական հարցերը.

–         Խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիների վերադարձը,

–         Հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը.

–         Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի դասաժամերի թվի վերականգնումը, Հայոց պատմություն առարկայի դասավանդման թույլատրումը.

–         Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցների վերականգնումը.

–         Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարանի բացումը,

–         Ճնշումներից անկախ տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը:

Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդման առումով նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաև պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռևս 2006-ին վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան:

Նախագահի թեկնածուները պետք է նաև քաղաքական գնահատական տան  Սաակաշվիլիի-Մերաբիշվիլիի ռեժիմի հանցավոր քաղաքականության դրսևորումներին Սամցխե-Ջավախքի հայ բնակչության նկատմամբ, ինչպես նաև անդրադառնան հայաբնակ շրջաններում և Վրաստանի այլ տարածքներում արդարության վերականգնման, օրենքի գերակայության ևւ ժողովրդավարության լիարժեք հաստատման խնդրին:

Վահագն Չախալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30