Ուկրաինան «Փարաջանով» ֆիլմը ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի ծրագրին, հայտնում է «Հոլիվուդ Ռիփորթեր» պարբերականը:
Ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Կարլովի Վարիի կինոփառատոնի ժամանակ, հուլիսին: Այն մասնակցել է նաև Օդեսայի փառատոնին և արժանացել «Ոսկե Դյուկ» մրցանակին՝ որպես ուկրաինական լավագույն ֆիլմ:
Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությամբ ֆիլմի բյուջեն կազմում է 2 միլիոն եվրո:
«Ես կարծում եմ, որ «Փարաջանով»-ը ավելի քան արժանի է Օսկարի մրցապայքարում Ուկրաինան ներկայացնելու», – իր հայտարարության մեջ ասել է Ուկրաինայի հանձաժողովի անդամ Դենիս Ռժավսկին, – Այնուամենայնիվ, ինձ ուրախացրել է ոչ թե այն, որ այդ ֆիլմն է ընտրվել, այլ նրա մրցակիցների որակն ու քանակը: Արդեն հստակ է, որ 2014թ.-ին այնպիսի պրեմիերաներ կունենանք, որոնք կփոխեն հանդիսատեսի վերաբերմունքը ուկրաինական ֆիլմարտադրության նկատմամբ»:
Կարդացեք նաև
«Փարաջանով» Ֆիլմի ռեժիսորն է Օլենա Ֆետիսովան և Սերժ Ավետիքյանը, որն էլ խաղացել է Փարաջանովի դերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ