«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր Aravot.am –ին պատմեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ ունեցած առանձնազրույցի մասին: Նա Հենրիկ Նավասարդյանի հետ հանդիպում է ունեցել ակտիվիստների պահանջների հարցով:
Անի Զախարյանի պատմելով, պարոն Նավասարդյանը զղջացել է լրագրողին հայհոյելու համար. «Նավասարդյանն էլ բացատրեց, որ հեռախոսով կարեւոր զրույցի պահին լրագրողը տարբեր մոտեցումներով փորձել է հարց տալ ու ստանալ պատասխանը: Ես ասացի` կապ չունի պետական պաշտոնյան պետք է լինի չափանիշ, սխալ եք արել: Նավասարդյանն ընդունեց իր սխալը, ասաց, եթե խնդիրը իմ դուրս գալն է, ես պատրաստ եմ աշխատանքից դուրս գալ, այդ պաշտոնն ինձ համար ոչ մի նշանակություն չունի»:
Կուսակցապետը իր դրական կարծիքը Նավասարդյանի մասին հայտնելուց հետո նաեւ զարմացավ, թե ինչու են ակտիվիստները նրա հրաժարականը պահանջում. «Բայց այս երկրում էնքան ուրիշ խնդիրներ կան, էնքան ուրիշ պաշտոնյաներ կան, որոնք, իսկապես, չարաշահումներ են անում: Բա ինչո՞ւ չեք պայքարում: Ակտիվիստներին էլ եմ ասել, եթե իսկապես, ուզում եք լուրջ պայքար մղենք, ապա չպետք է պայքարենք միայն Նավասարդյանի դեմ: Նավասարդյանին հանեցին ավելի վատ մարդու կդնեն»:
Անի Զախարյանը ակտիվիստներին «թափթփուկներ» անվանեց ու վստահեցրեց, որ նրանց պայքարը շատ թույլ է. «Նավասարդյանի դեմ դուրս գալը դրսեւորում էր, որ իրենք երեւային: Հետո էդ վերջին ակցիան` Տարոն իջիր խաղանք եւ այլն, բա դա երեսուն անց տղամարդկանց եւ կանանց պայքա՞ր է: Նման վայրենի դրսեւորումներով, ոչ քաղաքակիրթ պահվածքով պայքար չեն մղում: Եթե պայքարում ես, պետք է լինեն պայքարի հստակ մոտեցումներ, ոչ թե տգիտության ձեւերով: Այդ նախաձեռնության անդամները չեն էլ հասկացել, որ դարձել են էսօրվա քավության նոխազը, շատ-շատ կուսակցության անդամներին այսօր ձեռնտու է, որ նրանք գնան այդ ձեւով պայքարեն, իրենք էլ իրենց քաղաքական կարիերան առաջ տանեն: Գնացել եմ էդ ակտիվիստներին ասել եմ` եկեք հեղափոխություն անենք: Նստացույցի մասնակից էդ նույն Վահագը ասաց` դե Անի ջան, նստած ենք էլի, ի՞նչ հեղափոխություն: Բա ինչի՞ համար է էս ամենը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ