Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Պետրոսյան. «Այդքան փող է հավաքվել, այդքանն էլ տվել ենք»

Սեպտեմբեր 17,2013 17:37

«Բնական աղետից տուժածների հիմնադրամում» իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում հավաքվել է 240 միլիոն 500 հազար դրամ: Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ՝ Արմավիրում կարկտահարությունից տուժածներին օգնելու նպատակով:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պետրոսյանն ասաց, որ գումարը բաժանվել է 6013 ընտանիքների, յուրաքանչյուր ընտանիքին՝ 40 հազարական դրամ: Մեր դիտարկմանը, որ մարդիկ ավելին էին ակնկալում եւ կարծես արդեն իսկ դժգոհություններ են հնչել՝ կապված գումարի չափի հետ, պարոն Պետրոսյանն ասաց.

– Այդքան փող է հավաքվել, այդքանն էլ տվել ենք: Կարող էր դրա կեսը հավաքվել, կարող է՝ դրանից շատ հավաքվեր:

Պարոն Պետրոսյան, ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն ընտանիքները, որոնց պետք է տրամադրվեր օգնությունը: Դժգոհություններ եղան, որ մի մասին չի հասել:

– Մարդիկ, ընտանիքներ կան, որոնց նախօրոք ինչ-որ օգնություններ է ցույց տրվել, 50 հազարական դրամներ   են ստացել պետությունից: Հիմա մեկը չի կարա համ 50 հազարը ստանա, համ՝ 40-ը, մյուսը՝ ոչինչ: Երբ էն ընտանիքներին 50 հազար տվեցին, էս մնացած ընտանիքները չբողոքեցին, բայց հիմա, որ էս ընտանիքներին տվել ենք 40 հազար, 50 հազար ստացողները բողոքում են: Դա անարդարացի չի՞: Ընենց ենք արել, որ ամեն ընտանիքին ինչ-որ մի բան հասնի:

Մարդիկ ակնկալում էին, որ ավելի շատ օգնություն են ստանալու:

– Ով՞ ա ենթադրել, թե ինչքան պտի հավաքվեր: Բարի կամքի դրսեւորում է: Հլը շնորհակալ լինեն հանրապետության նախագահին, որ իր անմիջական նախաձեռնությամբ է, որ էսքան գումար է հավաքվել, թե չէ էսքան չէր հավաքվի: Վերջը 6013 ընտանիքների 40 հազար փող ենք տվել…հո ըտենց հեշտ ասելով չի: Է՜, շատ ըլներ, շատ տայինք:

Ճիշտ է՝ վնասը շատ է, ես հասկանում եմ, որ 40 հազարը համարժեք չի, բայց սա ավելի շատ բարոյական, մարդկային օգնություն է: Մարդը ուզում է քեզ օգնի, ասենք, 10 հազար դրամ ա տալիս, դու կանգնես ասես՝ կարար ավելի շա՞տ տար: Մարդը պտի մի քիչ էլ մտածի,. որ ուրիշն իրանից կտրել՝ տվել է իրան, չէ՞: Օգնել ենք էլի, հինգ միլիոն ես եմ տվել…

Նախագահը գործարարներին, պաշտոնյաներին հանձնարարել էր գումա՞ր փոխանցել հիմնադրամին, որ ասում եք՝ նախագահի աջակցությամբ այդքան հավաքվեց:

– Չէ, նախագահը չի հանձնարարել, ինքն 80 միլիոն դրամ փոխանցեց, չէ՞:

Իր օրինակին ե՞ն հետեւել:

– Ապրես, ապրես, դու գիտես՝ շատ մարդիկ հետեւում են էդ օրինակին: Հենց առաջինը նախագահը տվեց: Հարկային տեսչությունն է տվել, ոստիկանությունն է տվել, Երեւանի կոնյակի գործարանը՝ 30 մլն, ԿԲ-ն՝ 10 մլն, Խաչիկ Սուքիասյանի բանկը:

Ծրագիրն ավարտվե՞ց, փակվե՞ց, թե հնարավոր է՝ էլի շարունակվի:

– Փակել ենք, աշխատել ենք, ահագին չարչարվել ենք, շատ դժվար աշխատանք ենք արել: Մարդը տունը նստած… կարար էդ էլ չլիներ, ես չառաջարկեի՝ էդ էլ չէր լինի: Մարդը պտի միշտ շնորհակալ լինի: Հա քիչ է, բայց մարդասիրական հարթության մեջ շատ ու քիչ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30