Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ավելացել են գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալները

Սեպտեմբեր 17,2013 16:46

«Մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր ընդհանուր առմամբ 472 հայտ, 358՝ բնական գիտություններ և 114՝ հասարակական գիտություններ և հայագիտություն բնագավառներից: Ֆինանսավորման են երաշխավորվել 136 գիտական թեմաներ, ևս 23 թեմա՝ բողոքարկման փուլի արդյունքում (ընդհանուր՝ 159 թեմա)»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում` անդրադառնալով գիտական և գիտատեխնիկական գործունեության 2013թ. մրցույթների ամփոփման արդյունքներին, ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` նշելով, որ առաջին անգամ ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ, հայտի ղեկավարին հնարավորություն է տրվել նշել փորձաքննության գործընթացում անցանկալի 3 փորձագետների անուններ:

Նա նշեց, որ ամենից շատ ֆինանսավորվել են բնական գիտությունների ներկայացված աշխատանքները՝ 82 թեմա, այնուհետև ճարտարագիտություն և տեխնոլոգիա՝ 21 թեմա, բժշկական գիտություններ ՝ 10 թեմա, գյուղատնտեսական գիտություններ՝ 11 թեմա, հասարակական գիտություններ՝ 10 թեմա, հայագիտություն և հումանիտար գիտություններ՝ 25 թեմա:

Նշենք, որ մրցույթների արդյունքում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ են տրամադրվել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի: Հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին:

Ըստ բանախոսի` այս տարի ավելացել են գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալները (2013 թ-ին՝ 1 մլրդ 810 մլն 304 հազ.՝ 128 գիտական թեմատիկ ծրագիր, 2014-15 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 2 մլրդ 310 մլն՝ 159 ծրագիր):

Վերջինիս փոխանցմամբ՝ ֆինանսավորման երաշխավորված թեմաների մեծամասնությունը ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների կողմից՝ 65 թեմա, այնուհետև ԵՊՀ-ից՝ 38 թեմա, Ճարտարագիտական համալսարանից՝ 13 թեմա, Բժշկական համալսարանից՝ 9 թեմա, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայից՝ 10 թեմա և այլն:

Բնական գիտությունների մասնագիտական փորձագիտական խորհուրդների նախագահ Էդուարդ Ղազարյանն էլ հավելեց, որ ինքը արդյունքներից բավարարված է, քանի որ այդ աշխատանքում և գիտության պետական կոմիտեի տնօրինության և հանձնաժողովի կողմից պահպանվել է արդարության, անաչառության սկզբունքը։ «Բնական է, որ կային դժգոհություններ թեմաների կողմից։ Մտահոգիչ էր առաջինը, որ այս մրցույթի մասնակիցների թիվը զգալի պակասել էր. 2010 թ.-ի բնական գիտությունների հայտերից 42-ով պակաս էր, ինչից կոմիտեն պետք է վերլուծություններ անի, թե ինչով է պայմանավորված, գուցե այս գործընթացի նկատմամբ անվստահությունն է»,- ասաց նա։

Կոմիտեի նախագահն անդրադառնալով հարցին՝ ասաց, որ պակասել են հայտերը, քանի որ 42 թեմաներից մի մասը մասնակցել են հայ-ռուսական ծրագրի ֆինանսավորմանը, բացի այդ, ըստ նրա, ակնհայտ է, որ թույլ թեմաները պակասել են։

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30