«1943թ.-ի սեպտեմբերի 16-ին Հունան Ավետիսյանը փրկել է հազարավոր մարդկանց կյանքեր: Անցել է 70 տարի, կազմակերպել ենք ռազմահայրենասիրական միջոցառում»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանը:
Դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հունան Ավետիսյանի մահվան 70-ամյակին: Ներկա էին Հայրենական եւ Արցախյան պատերազմի վետերաններ, Հունան Ավետիսյանի զինակից ընկերները, որոնք պարգեւատրվեցին Հունան Ավետիսյան հուշամեդալով:
Պրն. Պետրոսյանի խոսքով, դպրոցի սաները տեղեկացված են, հպարտ են ու գիտեն մեծն հերոսի սխրագործությունների մասին.
«Եթե նմանատիպ միջոցառումներ չլինեն, ապա երիտասարդները, դպրոցականները կմոռանան իրենց նախնիների, ազգի նվիրյալների անունները: Միջոցառմանը ներկա են այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է հաղթանակի բերկրանքը եւ ինչ է նշանակում մահ՝ իմացյալ անմահություն է կարգախոսի արդիական լինելը: Այսօր մենք կրկին արժեւորում ենք Հունան Ավետիսյանի սխրանքը, հայրենասիրության, հավատի, կենսասիրության, հանդեպ ունեցած հավատը»:
Կարդացեք նաև
«Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմի բոլոր հերոսները, վետերանները արժանի են հարգանքի եւ պատվի: Կռվելով թշնամու դեմ բազմաթիվ հերոսներ, տղաներ զոհվել են մարտի դաշտում: Հայերն առաջինն են մուտք գործել մարտի դաշտ եւ վերջինն են դուրս եկել, զոհվածների հիշատակը պետք է վառ պահել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ