Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր «IT’s Armenia» խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI):
Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո էր հրավիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, «Instigate CJSC»-ի համահիմնադիր եւ տեխնիկական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանին, «Viasphere International and Viasphere Technopark»-ի ղեկավար Տոնի Մորոյանին (ԱՄՆ), «Mentor Graphics Corp» -ի ինժեներական բաժնի տնօրեն Արա Մարկոսյանին (ԱՄՆ): Սեմինարին մասնակցեցին ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները:
Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ով խոսեց կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ «Makimoto Wave» անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրին Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության եւ ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը եւ ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները: Ճապոնական ընկերությունները հրավիրվեցին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «ArmTech Congress» եւ «Dijitec Expo 2013» միջոցառումներին:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում հայ եւ ճապոնացի մասնագետները զրուցեցին ընդհանուր հետարքրքություն ներկայացնող հարցերի եւ Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշեցին, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, եւ միջոցառումը նպաստեց ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ