ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Կանանց ռեսուրսային կենտրոնին մեղադրել է պոռնոգրաֆիա տարածելու մեջ ու արդեն դատախազություն է դիմել: Այդ մասին վերջերս կայացած մամուլի ասուլիսում Հայկ Բաբուխանյանը հայտարարեց՝ մատնանշելով կենտրոնի կողմից թողարկած ու տարածած բուկլետները, որոնց բովանդակությունից ի դեպ բողոքում էր նաեւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, ասելով, թե «այլանդակ բաներ է քարոզում, սեռական այլասերվածություն»:
Aravot.am-ը Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանից հարցրեց՝ ինչու է տարածվել այդ կարծիքը, թե դուք պոռնոգրաֆիա եք տարածում. «Նախ եւ առաջ բոլորի մոտ չէ այդ կարծիքը, հետո ես չեմ ուզում պատասխանել իրենց, հաշվի չեմ առնում նրանց կարծիքը այս հարցի շուրջ, որովհետեւ իրենք ոչ մասնագետ են, ոչ էլ գիտեն, թե մենք ինչով ենք զբաղվում, ու ոչ էլ հետաքրքրված են մեր կենտրոնի ծրագրերով, դրա համար էլ ճիշտ չեմ համարում արձագանքել նրանց տարածած ապատեղեկատվությանը»:
Մեր մյուս հարցին էլ՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է գրված այդ բուկլետներում, որ որոշ մարդկանց համար դրանք արտասովոր են, կամ նման կարծիք է ստեղծվել, որ պոռնոգրաֆիա է, Ահարոնյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ բուկլետների մասին է խոսքը, պարոն Բաբուխանյանը ինձ ոչ զանգել է, ոչ էլ ասել, թե ինչ բուկլետների մասին է խոսում: Իրեն հարցրեք, ինքը իր մոտ երեւի նման բուկլետներ ունի, որ մեր մասին է, կամ դրա մասին խոսվում է: Մենք շատ բուկլետներ ունենք, շատ թեմաների շուրջ, եւ ես չեմ իմանում ինչի մասին է խոսքը, եւ ինչն է նեղացրել պարոն Բաբուխանյանին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ