ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժեշտից հետո մամուլում ակտիվորեն քննարկվեցին նոր դատախազի հավանական թեկնածուի անունները: Այդ շարքում շրջանառվեց նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անունը: Սակայն այս խոսակցություններին հաջորդեց պարոն Բաղդասարյանի պարզաբանումը, թե «Ես դատախազ չեմ ուզում դառնալ, ես այսօր աշխատում եմ իմ տեղում, լավ եմ աշխատում, հետագա քաղաքական զարգացումները ցույց կտան ընթացքը»:
Aravot.am-ը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց՝ մինչ պարոն Բաղդասարյանի որոշումը կուսակցությունում նման հարց քննարկվե՞լ է: Պատգամավորը պատասխանեց. «Նման հարց կուսակցությունում չի քննարկվել, այդ մասին ավելի ընդգրկուն Արթուր Բաղդասարյանը օրեր առաջ խոսեց»:
Մեր հարցին` որտեղի՞ց ծագեցին այդ խոսակցությունները, գուցե իրոք ցանկություն կար, պարոն Մարգարյանը պատասխանեց. « Ցավոք, մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ականատես ենք լինում, որ ով թուղթ ու գրիչ է ձեռքը վերցնում, դառնում է լրագրող, ով ավելի շատ հնարավորություն ունի, դառնում է վերլուծաբան: Դաշտը ազատ է, ասեկոսեները` շատ»:
Հարցին` Արթուր Բաղդասարյանին այդ պաշտոնում տեսնո՞ւմ էիք, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հարց, որը չի քննարկվել, տեղին չէ խոսել այդ մասին: Ես ինքս Արթուր Բաղդասարյանի մասին կասեմ այն, որ նա այն եզակի քաղաքական գործիչներից է, որ ունի անցած ճանապարհ, քաղաքական գործչին անհրաժեշտ շիտակություն…»:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս հարցի կապակցությամբ Հովհաննես Մարգարյանը շուրջ երկու րոպե գովասանքի խոսքեր հնչեցրեց Արթուր Բաղդասարյանի հասցեին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ