Լրահոս
Օրվա լրահոսը

Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները

Սեպտեմբեր 17,2013 15:21

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար:

Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացույցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել որակի ապահովման ուղղությամբ հսկողությունը և գործընթացը պահել մշտադիտարկման ներքո: Հանձնարարվել է ակտիվացնել գլխավոր և երկրորդական փողոցներում ընթացող փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում էկոլոգիական պահանջների պահպանման նպատակով մշակվել են նոր մոտեցումներ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել շինհրապարակների կազմակերպման բաժանարար հարակից տարածքների սահմանված կարգով պաստառապատմանը:

«Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են անձրևատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 1100 կետերում դրանք արդեն ավարտված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար զեկուցել ընթացքի վերաբերյալ:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել:

Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:

«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ դրանցից լավագույնները կարող են ընդգրկվել նաև 2014 թվականի տարեկան ծրագրում:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 203 և 102 հեռախոսազանգ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն իսկ ստացել է դրական լուծում, 82 հարց ընթացքի մեջ է:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, մայրաքաղաքում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Զեկուցվել է, որ տոնական միջոցառումներ են նախատեսված վարչական շրջանների տարբեր հարթակներում, նաև՝ կրթական ու մշակութային օջախներում: Երևանը կապահովվի նաև համապատասխան արտաքին ձևավորմամբ:

Նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքներին անդրադառնալով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է: Նշվել է, որ շարունակվում են ծաղիկների, անհրաժեշտության դեպքում, համալրման, ինչպես նաև ծաղկային կոմպոզիցիաների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ այս տարի ծաղկային տարածքներն ավելացել են մեկուկես, իսկ սիզամարգերի ծավալները՝ 13 հեկտարով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30