Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն էլ կզեղչի վարձերը, եթե դիմեն ըստ կարգի

Սեպտեմբեր 17,2013 15:13

ԿԳ նախարարը շրջաբերական էր իջեցրել բուհերի ռեկտորներին՝ կարկուտից տուժած համայնքների առաջին կուրսի ուսանողներին ուսման վարձավճարի զեղչերից օգտվելու հնարավորություն ընձեռելու մասին: Ընդ որում՝ զեղչը վերաբերում է Արմավիրի մարզի առավել տուժած 22 համայնքների (Արմավիր, Ալաշկերտ, Արեւիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ) ուսանողներին: Չնայած սրան, մամուլում դժգոհություններ կային, թե ԵՊՀ-ն շրջանցում է նախարարի շրջաբերականը:

ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այս առիթով Aravot.am-ին փոխանցեց խնդրի վերաբերյալ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի տեսակետը: «Կարկտահարված շրջանների բոլոր այն ուսանողների համար, ովքեր դիմում են համապատասխան կարգով, ԵՊՀ-ն որոշակի զիջումների եւ զեղչերի համակարգ է կիրառում եւ ընդառաջում է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր մատնանշած հրապարակմանը, Ալիկ Ղարիբյանը հայտնեց, որ այն ավելի վաղ է եղել, քան համալսարանը նման որոշում կընդուներ:

Հետաքրքրվեցինք՝ քանի՞ հոգու է ընդառաջել Մայր բուհը: ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ այս պահին կոնկրետ թիվ չեն կարող հրապարակել. «Քանի որ հարցը ռեկտորատով է քննարկվում, դա երեւում է, երբ զեղչային քաղաքականության կիրառման շրջանն ամփոփվում է: Առաջին կիսամյակը դեռ ընթացքի մեջ է, եւ արդյունքները կերեւան ամսվա վերջին: Այս պահին դիմումների մի մասը դեռ ուսումնական մասում է, մյուս մասը՝ ռեկտորատում, հենց արդյունքներն ամփոփվեն, համապատասխան տվյալներ կունենանք: Անցյալ տարի էլ զեղչեր են կիրառվել միակողմանի, երկկողմանի ծնողազուրկների, սահմանամերձ շրջանների ուսանողների, ազատամարտիկների երեխաների եւ հաշմանդամության կարգ ունեցողների համար: Այս տարի էլ, փաստորեն, ավելացել են կարկտահարված շրջանի ուսանողները, որոնք եթե դիմում են ըստ կարգի եւ ժամկետների մեջ, անպայման ընդառաջում ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30