Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Հմայակ Տիգրանյանին ենթարկում են վարչական պատասխանատվության

Սեպտեմբեր 17,2013 15:03

«2013 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Ա.Բասյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետին այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում իրականացրել է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ծառայություն։ Մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ակցիա՝ ուղղված նույն հասցեում «Լիբեր» ՍՊ ընկերության կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների դեմ։ Ոստիկանության ծառայողները կարգի են հրավիրել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնց թվում եղել է նաեւ Հմայակ Տիգրանյանը՝ պահանջելով չխոչընդոտել Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարությանը, չփակել Կոմիտաս փողոցի բանուկ մասը եւ չսահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ չխանգարել տրանսպորտային միջոցների բնականոն ընթացքին, սակայն Հմայակ Տիգրանյանը չի ենթարկվել ոստիկանների պահանջներին՝ շարունակելով իր գործողությունները, փակել է ճանապարհը՝ պառկելով եւ նստելով ճանապարհի երթեւեկելի մասում»,- այսպես շարադրված է Հմայակ Տիգրանյանին ուղարկված հայցադիմումում, որում նաեւ նշվում է, որ Հմայակ Տիգրանյանը խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, ինչի արդյունքում ձերբակալվել եւ տարվել ոստիկանության Արաբկիրի բաժին :

Համաձայն ՎԻՎ ՀՀ օր-ի 182-րդ հոդվածի՝ հասարակական կարգի

պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման

պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի, կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում, հետաքննության բաժանմունքի տեսուչ Դ. Մանուկյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Հմայակ Տիգրանյանի վերաբերյալ:

Հայցադիմումն ուղարկվել է հայցվորի ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության կապիտան Արմենուհի Իսրայելյանի կողմից, այն հասցեով, որտեղ գրանցված է Հմայակ Տիգրանյանը:

Հմայակ Տիգրանյանի հետ կապ հաստատել Aravot.am-ին չհաջողվեց, քանի որ նա Հայաստանում չէ, սակայն մեզ հետ զրույցում նրա մայրը՝ Անժելա Հարությունյանը պատմեց. «Հուլիսի 30-ի ուշ երեկոյան մեր տուն եկավ շենքի ակտիվ բնակիչներից մեկը՝ համատիրության աշխատողի հետ: Նրանք տեղյակ պահեցին, որ թաղապետարանում ուզում են հանդիպել մեզ հետ, թե ինչ խնդրով՝ իրենց հայտնի չէ: Պայմանավորվեցինք, որ իրենք նախօրոք կճշտեն օրն ու ժամը եւ հեռախոսով տեղյակ կպահեն: Օգոստոսի 2-ին ամուսինս գնաց թաղապետարան: Նրան ընդունել էր թաղապետը, զրուցել էին: Նա ամուսնուս խնդրել էր խոսել տղայիս հետ, որպեսզի վերջինս հրաժարվի ցույցերին մասնակցելուց, մանավանդ որ ակտիվիստներն արդեն հասել էին իրենց նպատակին՝ տրանսպորտի ուղեվարձի չափը նույնն էր մնացել»:

Անժելա Հարությունյանը ավելացրեց, որ իր համոզմամբ՝ այս ամենը, ինչպես նաեւ ՃՈ խախտումների մասին ակտերը, որոնք ուղարկվում են իրենց հասցեով, միտումնավոր են արվում: «Տեղյակ եմ, որ բոլոր ակտիվ երիտասարդների նկատմամբ խոչընդոտներ են ստեղծվում ու բոլոր հնարավոր միջոցներով փորձում ազդել նրանց վրա՝ խեղճացնելու նպատակով»,- նշեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30