Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան ՍԴՀԿ-ները կհաշտվե՞ն

Սեպտեմբեր 17,2013 14:35

Անցյալ շաբաթվա վերջում Երեւանում ամփոփվեց համահնչակյան աղմկահարույց համագումարը, որի արդյունքում կուսակցությունում իշխանափոխություն տեղի ունեցավ: Սեդրակ Աճեմյանը, ով մինչ այդ ղեկավարում էր համահնչակյան կառույցը, այլեւս չվերընտրվեց: Կուսակցության ղեկավարումը ստանձնեց Հակոբ Տիգրանյանը, ով ծագումով Լիբանանից է, բայց բնակվում է Կիպրոսում: Տիգրանյանը ՍԴՀԿ ԿՎ անդամ էր: Հիշեցնենք, որ Սեդրակ Աճեմյանի պաշտոնավարման շրջանում ՍԴՀԿ հայաստանյան կառույցը պառակտվեց. մեկը ղեկավարում էր Լյուդմիլա Սարգսյանը, մյուսը՝ նոր գրանցվածը, Գեւորգ Պերկուպերկյանը: Արդեն մոտ երեք տարի է՝ այդ կառույցները դատական վեճի մեջ են կուսակցության կնիքի, դրոշի, զինանշանի եւ այլ ատրիբուտների սեփականության իրավունքի համար: Այսօր այս վեճի հանգուցալուծումն է սպասվում՝ արդեն դատական վճռի տեսքով: Ի դեպ, Գեւորգ Պերկուպերկյանն այս համագումարում ընտրվել է ՍԴՀԿ կեդրոնական վարչության անդամ, հետեւաբար այլեւս չի կարող ղեկավարել հայաստանյան կառույցը: Ելնելով կուսակցական այս նոր իրավիճակից՝ Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է, որ նոր կուսակցական ղեկավարությունն ընդառաջ քայլ անի, եւ հաշտության եզրեր գտնվեն կուսակցության հայաստանյան կառույցում հաշտություն կնքելու: Տիկին Սարգսյանն ասաց, որ այս համագումարից հետո բոլորի համար պարզապես ակնհայտ դարձավ որ չորս տարի առաջ Սեդրակ Աճեմյանը պարզապես քայքայեց Հայաստանում ՍԴՀԿ-ն՝ հիմքում դնելով սեփական շահերը. «Այսօր իրականում նա ուտում է այն ճաշը, որն ինքը եփել էր ժամանակին: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Նույն իրավիճակը նա ստեղծել էր կուսակցության Սիրիայի կառույցում, որտեղ իշխանության էր բերել մարդկանց, ովքեր նույնիսկ չեն հասկանում, թե կուսակցությունն ինչ բան է: Նույնն արել է Փարիզում, Լիբանանում: Այսինքն՝ նա իր գործունեությունն ու գոյատեւումը կուսակցության ղեկավար մարմնում այս վերջին տարիներին ապահովել է պառակտման հիման վրա՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով՝ առանց հասկանալու, թե ի՞նչ հետք է թողնելու ինքը կուսակցությունում»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ այսօր ոչ այնքան լավ դիրքերում գտնվող ՍԴՀԿ-ն ուշքի է գալու, կարծում է, որ պարզապես ժամանակ եւ շատ ջանք է պետք՝ Աճեմյանի «ժառանգությունը» շտկելու համար: Համագումարում Սեդրակ Աճեմյանի պարտությունը տիկին Սարգսյանը պայմանավորում է նրանով, որ վերջինս կուսակցությունում չուներ իրական համախոհներ. «Իր համախոհները միայն մարդիկ էին, ում ինքը սնել, կերակրել եւ գրպանները գումար է դրել: Բայց այսօր նրանք էլ ուղղակի կմոռանան Սեդրակ Աճեմյանի բոլոր արածները, քանզի այդ մարդիկ ապրում են՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, իսկ քանի որ Սեդրակն այսօր իրենց այլեւս նյութական աջակցություն չի ցուցաբերելու, նրանք կմոռանան ու կուրանան Սեդրակին»: Մեր զրուցակիցը նկատում է, որ Աճեմյանը մարդասիրական նկրտումներից ելնելով չէ, որ «այդ մարդկանց սնում եւ գուրգուրում էր», այլ այն պարզ պատճառով, որ ինքն էլ հասկանում էր՝ համագումարում խնդիր է ունենալու. «Դրանով է պայմանավորված, որ Հայաստանից տասը պատգամավոր էր նշանակել՝ ոչնչացնելով կանոնադրական բոլոր սկզբունքները: Ամենը մի կողմ թողնենք. այն համագումարը, որը նա կազմակերպեց, որն ուղղակի ձախողվեց՝ ծեծերով, վեճերով, պառակտումներով, ուղղակի իր դեմքը ցույց տվեց: ՍԴՀԿ ԿՎ-ն այսօր երեք թեւի է բաժանված, ու դրա արդյունքում ոչ ինքը, ոչ Սեպուհ Գալփակյանը չընտրվեցին: Հակոբ Տիգրանյանը կոմպրոմիսային տարբերակն էր, ով, ի դեպ, ըստ իս՝ բավականին պայծառ մարդ է, բավականին երիտասարդ: Իհարկե, կուսակցական կազմակերպչական գործերում մեծ փորձ չունի, բայց վստահ եմ, որ Սփյուռքում ինքը կարող է շատ դրական դերակատարում ունենալ: Ես վստահ եմ, որ Հակոբ Տիգրանյանը բավականին գրագետ եւ խելոք մարդ է եւ կկարողանա այդ փորձը ձեռք բերել՝ ցանկության պարագայում»:

Անցած շաբաթ խորհրդարանում ընդդիմադիր  պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին իշխանությունների առջեւ՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանը փակեց իր դռները Եվրոպայի առջեւ: Մինչդեռ օրերս  Երեւանում Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց. https://www.aravot.am/2013/ 09/13/385498/. «Եղել է շատ ինտենսիվ գործընթաց վերջին երեքուկես տարիներին: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այդ տեքստը չի անհետանալու, մնալու է, պահպանվելու է նաեւ մեր կամքն ու պատրաստակամությունը՝ քայլելու դեպի մեր գործընկերները»: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպացի բարձրաստիճան չինովնիկի երեւանյան հայտարարությանը՝ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Ֆյուլեն, իբրեւ Հայաստանի՝ ԵՄ ասոցացման գործընթացի պատասխանատու, շահագրգիռ է, որ «այդ դռները չփակվեն», քանի որ երաշխիքներն ինքն է ստացել ու փոխանցել. «Ստացվում է, որ ինքը շատ անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել: Ես չեմ բացառում, որ Ֆյուլեն հիմա ամեն ինչ անի, որպեսզի ինչ-որ նախագիծ մշակվի, որն ինքը կներկայացնի ԵՄ-ին, եւ փորձի աջակցել Հայաստան-ԵՄ քաղաքական ինտեգրման գործընթացի շարունակմանը»: Ամեն ինչից զատ՝ մեր զրուցակիցն ասում է, որ Հայաստանը չի կարող աշխարհից կտրվել, մանավանդ, որ շատ եվրոպական արժեքներ մեզ համար ընդունելի են. «Չեմ կարծում, որ պետք է դադարեցնել Հայաստանի եվրաինտեգրումը, թեեւ դրանում մեծ ապագա չեմ տեսնում»:

ԵՄ Ասոցացումը կամ Մաքսային միությանը միանալը տիկին Սարգսյանը համարում է նախեւառաջ քաղաքական որոշումներ, որոնք աշխարհաքաղաքական շահեր էին հետապնդում: Հիշեցնենք, որ նա հենց սեպտեմբերի երեքին հայտարարեց, որ ողջունում է Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու քայլը: Լյուդմիլա Սարգսյանը նկատում է, որ դա բնավ էլ չէր նշանակում, թե ինքը հիացած է այն ամենով, ինչ որ կատարվում է ՌԴ-ում, կամ ինքը կողմ է, որ ՀՀ-ի ինքնիշխանությունն ինչ-որ չափով վտանգվի. «Պարզապես ես ելնում եմ այն իրականությունից, որ դարեր շարունակ մեր հիմնական ռազմավարական գործընկերը եղել եւ մնում է ՌԴ-ն: Հայաստանն, ի վերջո, ՀԱՊԿ անդամ երկիր է, ու այդ շրջանակներից դուրս մնալը գործնականում անհնար էր: Ստորագրելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը՝ Հայաստանը պետք է նաեւ իր ռազմաքաղաքական համագործակցությունը վերանայեր՝ ՆԱՏՕ-ին անդամակցելով, բայց մենք իրավունք չունենք վտանգել մեր երկրի անվտանգությունը: ՍԴՀԿ-ն կարծում է, որ եթե խնդիրը դրված է կարծեցյալ տնտեսական զարգացումը կամ անվտանգությունը՝ մեզ համար միանշանակ է, որ պետք է ընտրել անվտանգությունը: Տնտեսական զարգացումը առանց Թուրքիայի հետ սահմանի բացման անհնար է, եւ եթե իրենք դա չեն կարողանում Թուրքիային պարտադրել, ուրեմն անիմաստ են դառնում բոլոր հույսերը: Եթե չկա անվտանգություն, չկա տնտեսական զարգացում: ՌԴ-ի հետ հարաբերություններում մի փոքր ավելի դանդաղ կլինի մեր տնտեսական զարգացումը, բայց ես չեմ կարծում, որ մեր խնդիրը դրա մեջ է: Այն իրավիճակում, որը ստեղծել են այս իշխանությունները՝ երկու լարի վրա խաղալով, այլ ընտրություն չէր կարող լինել: Տվյալ դեպքում մեր երկիրը ստորացված է, ու դա Սերժ Սարգսյանի վարած անհեռատես քաղաքականության արդյունքն է: Ժողովուրդն ու երկիրը ստորացված են, քանի որ ստորացված է նախագահը»:

Հարցին՝ Ձեր կարծիքը եւ ՍԴՀԿ-ի կարծիքը, որն էականորեն տարբերվում է խմբակցության մյուս պատգամավորների եւ կուսակցությունների կարծիքներից, խնդիր չի՞ առաջացնում խմբակցության ներսում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ: Մենք անկախ գործող քաղաքական կուսակցություն ենք եւ իրավունք ունենք մեր տեսակետն արտահայտելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30