Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ Ասոցացման համաձայնագիրը համախմբում է կառավարությանը, ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը

Սեպտեմբեր 17,2013 14:32

«Չնայած մեզ վրա գործադրվող ճնշումներին՝ անփոփոխ ենք պահելու ընտրությունը»՝ Երեւանում ընդգծեց Մոլդովայի փոխվարչապետը

Անցյալ շաբաթ Երեւանում կայացած Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը վերջինն էր Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովից առաջ։ Սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացած հանդիպման ավարտին, որին մասնակցում էին ԱԳ նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ Արեւելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած ամփոփիչ մամլո ասուլիսում հնչեցին գնահատականներ, որոնք, կարծես, ուշադրության չարժանացան ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների ապագայի եւ Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունների ֆոնին:

Մինչդեռ Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ երեւանյան ոչ պաշտոնական նախարարական երրորդ հանդիպմանը պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունները ի ցույց դրեցին այն փաստը, որ այդ երկրների համար էլ դեպի ԵՄ ճանապարհն այնքան հեշտ չէ, ավելին՝ այդ երկրներն էլ ենթարկվում են ճնշումների, սակայն դիմադրում են՝ գիտակցելով այն առավելությունները, որոնք այդ երկրի քաղաքացիները ձգտում են ստանալ ԵՄ Ասոցացման գործընթացից:

Մինչ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ օրը վստահեցնում էր, թե Արեւելյան գործընկերությունը դարձել է երկրների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումների արդյունավետ գործիքներից մեկը, եւ շեշտում էր, թե ՀՀ-ն հաստատակամ է՝ առաջ տանելու ամենատարբեր ուղղություններով ԵՄ-ի հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չհակասի Մաքսային միությանը ՀՀ անդամակցության որոշմանը, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հստակ շեշտեց, որ ԵՄ-ն կօժանդակի եւ կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների: Ապա Ֆյուլեն ուշադրություն հրավիրեց այն հայտարարությանը, որն արվել է ԵՄ պատվիրակության կողմից ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիստների հանդեպ բռնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի վերաբերյալ եւ մտահոգություն արտահայտեց դրանց առնչությամբ:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի հետ ԵՄ-ի հարաբերությունների մակարդակին՝ Ֆյուլեն նշեց. «Ամենամեծ ակնկալիքը բխում է Ասոցացման համաձայնագրից եւ ԽՀԱԱԳ-ի համաձայնագրից: Ուկրաինայի հետ այս համաձայնագրի ստորագրման հնարավորություն կա։ Ակնկալում ենք, որ շատ նման համաձայնագիր կնախաստորագրվի Մոլդովայի եւ Վրաստանի հետ։ Հուսով եմ, որ առաջ ցատկ կլինի վիզաների երկխոսության առումով։ Լավ լուրեր ենք ակնկալում՝ կապված վիզաների գործողությունների ծրագրի հետ ԵՄ-ի եւ Մոլդովայի միջեւ: Եթե Ուկրաինայի գործընկերները իրենց կողմից կատարվող լավ աշխատանքը շարունակեն, ապա նույն հավանությունները կարող ենք ունենալ նաեւ վիզաների գործողությունների ծրագրի մասով ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ եւ այսպիսով՝ կմոտենանք առանց վիզայի ճանապարհորդական ռեժիմին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա մենք աշխատում ենք, այսպես կոչված՝  ռազմավարական արդիականացման գործընկերության վրա: Լիահույս ենք, որ կկարողանանք այդ կարեւոր փաստաթուղթը ստորագրել Ադրբեջանի հետ»:

ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը նշեց, որ ՀՀ-ում է Էշթոնի անունից, որպեսզի վերստին շեշտի, որ շարունակում են հավատարիմ մնալ քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը առաջ տանելու գործընթացին արեւելյան եվրոպական գործընկերների հետ: «Վիլնյուսյան մոտալուտ գագաթնաժողովը կարեւոր պահերից մեկն է լինելու ոչ միայն ԵՄ-ի, այլեւ անդամ պետությունների համար, քանի որ բոլոր 28 պետությունների ղեկավարներին, կառավարությունների ղեկավարներին հրավիրել ենք մասնակցելու այդ գագաթնաժողովին: Մենք ուզում ենք մեր հարաբերությունները երկկողմանիորեն խորացնել, ինչպես նաեւ բազմակողմանիորեն առաջ տանել մեր հարաբերությունները, եւ վեց երկրների հետ միասին ցանկանում ենք հաղթահարել, փարատել մեր առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները, հատկապես արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում։ ԵՄ-ն այսօր ճգնաժամի կառավարման վեց  օպերացիաներ ունի, մի քանիսը ավելի մոտ են այս տարածաշրջանին, մի քանիսն ավելի հեռու են: Մենք դարձել ենք անվտանգության իրական ապահովող, եւ մենք շատ կուզենանք ավելի սերտորեն գործակցել արեւելյան գործընկերության պետությունների հետ եւ շատ բարձր ենք արժեւորում պետությունների համագործակցությունը»,- ասաց Շմիդտը:

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մաքեյը նշեց, որ վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ բավական հետաքրքիր քննարկում են ունեցել Երեւանում՝ Արեւելյան գործընկերության հեռանկարների զարգացման առումով. «Ես իմ կողմից ընդգծեցի, որ շատ կարեւոր է հավասար եւ ոչ խտրական վերաբերմունքը բոլոր երկրների նկատմամբ՝ հիմնվելով Արեւելյան գործընկերության արժեքների վրա: Մենք ավելի վաղ ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ, որոնք վերաբերում են այն հարցին, թե ինչպես շարունակել զարգացնել Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, թե ինչպես անել, որպեսզի մյուս գագաթնաժողովը հնարավորինս հաջողվի։ Կարծում եմ, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը չպետք է քաղաքական պրոյեկտ լինի, այն պետք է լինի պրագմատիկ պրոյեկտ, այդ պատճառով շատ կարեւոր է քննարկել այն հարցը, թե ինչպիսի դիվիդենդներ կբերի այդ նախաձեռնությունը սովորական մարդկանց»:

Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտնեց, որ քննարկել են հարցեր՝ կապված վիլնյուսյան գագաթնաժողովի նախապատրաստման հետ, ինչպես նաեւ տեսակետներ են հնչել հետվիլնյուսյան ժամանակաշրջանի օրակարգի եւ ռազմավարության վերաբերյալ։ «Բոլորս համակարծիք էինք, որ ԵՄ համերաշխությունը ընտրության ազատությունների հանդեպ, ինքնիշխան որոշումների կայացման ազատությունը շատ կարեւոր է, եւ մենք ողջունում ենք հանձնակատար Ֆյուլեի եւ եվրոպացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունները: Հուսով ենք ու վստահ, որ նախաստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը եւ ԽՀԱԱԳ-ն։ Մենք ողջունեցինք հայտարարություններն այն մասին, որ հնարավոր է Ասոցացման համաձայնագրի ստորագրում մոտ ապագայում, այսինքն՝ նախքան եվրոպական գործող հանձնաժողովի կազմի  պաշտոնավարման ժամկետի ավարտը: Սա շատ կարեւոր է ոչ միայն Վրաստանի համար, այլեւ ապագա Արեւելյան գործընկերության համար»:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամադ-Գուլիեւը նշեց, թե միասին պետք է աշխատել, որպեսզի վերացվեն հիմնական խոչընդոտները, որոնք առկա են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհին. «Դրանք են՝ առկա հակամարտությունները Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Մենք խնդրեցինք, որպեսզի այդ հարցը հիմնական թեմաներից մեկը դառնա Վիլնյուսի գագաթնաժողովում եւ արտացոլվի այդ գագաթնաժողովի հռչակագրում»:

Բավական ուշագրավ էր Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանի ելույթը: Նա ընդգծեց, որ Մոլդովայի համար եվրոպական ինտեգրումը ամենաարդյունավետ եւ համոզիչ մոդելն է իր երկրի վերափոխման, արդիականացման եւ բարեկեցության մակարդակը, կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար. «Մենք ազատ ընտրություն ենք կայացրել՝ որպես ինքնիշխան պետություն, եւ չնայած մեզ վրա գործադրվող ճնշումներին՝ մենք անփոփոխ ենք պահելու այդ ընտրությունը: Արեւելյան գործընկերություն կոչվող եվրոպական քաղաքականության մասին, որը մենք քննարկել ենք ԱԳ նախարարների այս ոչ ֆորմալ հանդիպմանը, այս քաղաքականությունը մեզ համար գործիք է, որը մենք օգտագործում ենք առավելագույն օգտակարությամբ, որպեսզի մեր ձեւակերպած նպատակին հասնենք: Ինչ վերաբերում է երկկողմ շրջանակին, ապա մենք պատրաստվում ենք վիլնյուսյան գագաթնաժողովին՝ մտապահելով Ասոցացման համաձայնագիրը եւ ԽՀԱԱԳ-ն նախաստորագրելու նպատակով»։

Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովն իր խոսքում նշեց, որ որպես Ուկրաինայի ներկայացուցիչ՝ Երեւանում հաստատել է, որ իր երկիրը վճռական է ավելի խորը ինտեգրվելու ԵՄ-ին: «Ես ներկայացրել եմ նաեւ մեր հավակնությունները Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ ԽՀԱԱԳ-ի ստորագրումը տեսնելու Վիլնյուսում: Ուկրաինան այս իմաստով հնարավոր ամեն ինչ անում  է. արդիականացնում ենք ընտրական օրենսդրությունը՝ հիմնվելով եվրոպական չափանիշների վրա, վերափոխում ենք դատական համակարգը, բարելավում ենք գործարար միջավայրը՝ նախապատրաստվելով ԽՀԱԱԳ-ի ընդունմանը։ Շատ բան է արվել բոլոր բնագավառներում։ Մեր առաջընթացը բարեփոխումների առումով, ըստ իս, ակնհայտ է: Մեծ ուրախությամբ նշում եմ, որ Ասոցացման համաձայնագիրը, որը մոտ ապագայում ստորագրելու ենք, ամբողջացրել եւ համախմբել է Ուկրաինայի կառավարությանը, ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը: Այդ միասնությամբ մենք Վիլնյուսում հաջողության կհասնենք վստահաբար»,- շեշտեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30