Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ԱԳԼՃԿ-ները կախված են վարչապետից ու նախարարի առողջությունից

Սեպտեմբեր 17,2013 14:28

Էկոնոմիկայի նախարարի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վարչապետի հետ կքննարկվի ԱԺ նախագահի գազալցակայանների կասեցման հարցը

Օգոստոսի սկզբին էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրապետության գազալցակայաններում՝ բաշխիչ աշտարակների առկայությունը պարզելու համար: «Առավոտը» օգոստոսի 24-ի «Ի՞նչ կորոշի վարչապետը արձակուրդից վերադառնալուց հետո» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին եւ մոնիտորինգի արդյունքներին: Այդ հրապարկմամբ՝ դեռեւս օգոստոսի 24-ի դրությամբ, մեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել են: «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես պարոն Ծառուկյանին է պատկանում, գազալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես թե չի հետեւում իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի օրինակին եւ ոչ էլ շտապում է իրեն պատկանող 3 գազալցակայաններում տեղադրել աշտարակներ: «Առավոտի» տեղեկություններով՝ ԱԺ նախագահի ընտանիքին են պատկանող «Արգ-Լեւ-Գազ», «Արաշագ» եւ «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների՝ քաղաք Արտաշատում գործող ԱԳԼՃԿ-ները, որտեղ եւս էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը ստուգումներ է անցկացրել եւ, մեր տեղեկություններով, հայտնաբերել, որ բաշխիչ աշտարակներ չեն տեղադրվել. տեսչությունը նախազգուշացրել է ընկերություններին՝ եթե առաջիկայում չտեղադրվեն, ապա գազալցակայանների աշխատանքները կասեցվելու են:

Նշենք, որ յուրաքանչյուր աշտարակն արժե 6-7 հազար դոլար, իսկ բաշխիչ աշտարակների տեղադրման որոշումը կառավարությունն ընդունել էր դեռեւս 2008 թվականին.  աշտարակների տեղադրմամբ պիտի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու, որ ամենակարեւորն է, ապահովվեր մեքենաների եւ ուղեւորների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակ ունենալու դեպքում ավելի ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է: Ընդ որում, աշտարակների առկայության դեպքում բացառվում է վարորդներից  «լեւի» այն 500 դրամներ գանձելը, որով իբր թե ավելի գազ են լցնում, ինչը, սակայն, մասնագետները հերքում են: Այսինքն՝ գազալցակայանների աշխատակիցները «լեւի» 500 դրամները վերցնում են, բայց իրականում ավելի չեն լիցքավորում մեքենաների գազի բալոնները:

Իհարկե, մի բան է՝ ընկերություններին նախազգուշացնելը եւ լրիվ այլ բան՝ նման անձանց ընկերությունների աշխատանքները կասեցնելը: Պարզ է, որ էկոնոմիկայի նախարարությունն առանց ՀՀ վարչապետի թույլտվության չէր կարող գործի անցնել ու փակել Հովիկ Աբրահամյանին կամ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պատկանող գազալցակայանները: Ի դեպ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին է պատկանում մայրաքաղաքում գործող «Օկտան» ընկերության գազալցակայանը, որտեղ եւս բաշխիչ աշտարակ տեղադրված չէ: Վարչապետի որոշումից էր կախված նաեւ պարոն Ծառուկյանի գազալցակայանների կասեցումը, սակայն մինչ վարչապետը կկողմնորոշվեր, պարոն Ծառուկյանը ենթարկվեց կառավարության որոշմանը: «Առավոտի» տեղեկություններով՝ այն ժամանակ վարչապետի հապաղումը Գագիկ Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելու հարցում որոշակի քաղաքական դրդապատճառներ ուներ. տարեսկզբին նախագահի ընտրությունների հարց կար, եւ, որպեսզի զերծ մնային խոսակցություններից, թե ՀՀԿ-ն ճնշում է ԲՀԿ-ին, Տիգրան Սարգսյանը ժամանակավորապես սառեցրեց այդ հարցը:

Այժմ կարծես թե միջկուսակցական ոչ մի լուրջ իրադարձություններ չեն կատարվում մեր երկրում, եւ, «Առավոտի» տեղեկություններով, վարչապետը «մարտական է» տրամադրված եւ վերջնական որոշել է՝ այս ոլորտում այլեւս ոչ ոք՝ անկախ կուսակցական պատկանելությունից, արտոնյալ չի գործելու:

Երբ ավարտվել էր էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգը, ու  թեեւ հիմքեր կային որոշ ընկերությունների պատասխանատվության ենթարկելու, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում էր, իսկ նախարարությունը սպասում էր վարչապետի վերադարձին, որպեսզի հատ-հատ զեկուցեր եւ նրա  «դաբրոն» ստանար՝ գործի անցնելու: Սակայն հիմա, երբ վարչապետը վաղուց արդեն արձակուրդից վերադարձել է, էկոնոմիկայի նախարարն է վատառողջ. «Առավոտի» տեղեկություններով՝ նախարարը՝ Վահրամ Ավանեսյանը, մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկում բուժվում է, իսկ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին «կպնելու» հարցը նախարարի տեղակալների մակարդակով չի կարող քննարկվել վարչապետի հետ, ուստի սպասում են Վահրամ Ավանեսյանի ապաքինմանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30