Ինչ ուզում են ասեն հիմա հեռուստատեսությամբ՝ ես հո գիտեմ, որ Համբարձումը այն հավերժ տաջվող մարդկանցից էր, որոնք երբեք էլ իրականության հետ չեն համակերպվում, բայց ստիպված ապրում են: Համաձայնեք, բոլորս էլ հիմնականում համակերպվել ենք հանրապետական իրականությանը, բայց բոլորիս մեջ էլ մի փոքր Համբարձում է մնացել, ոմանք էլ լրիվ Համբարձում են: Ամերիկացի Կուրտ Վոնեգուտը ժամանակին պնդում էր, թե մարդկության երկու երրորդն է զոռով ապրում՝ առանց հավեսի, զուտ մեխանիկորեն, որովհետեւ պետք է ապրի: Երեւի չափազանցնում էր, թեեւ, գիտեք, նայած թե ով է ինձ փողոցում մոտենում ու սոցիոլոգիական հարցում անցկացնում՝ եթե կարճ շրջազգեստով ժպտերես աղջիկ՝ կստեմ ու կասեմ՝ հավեսով:
Բայց քանի որ Համբարձումը ստիպված էր ապրում եւ կարճ շրջազգեստով ժպտերես աղջիկներն առանձնապես չէին անհանգստացնում, նրան միշտ թվում էր, թե կամ իր մեջ ինչ-որ սխալ բան կա, կամ իրականության: Ու չի կարելի ասել, թե չէր փորձել փոխել իրականությունը, անընդհատ մասնակցում էր օպերային թատրոնի դիմաց կազմակերպվող բոլոր ոգեւորիչ իրադարձություններին, բայց քանի որ դեմքերը հրապարակում փոխվում էին, իսկ ոչինչ չէր ստացվում, նրա կյանքը գնալով ավելի տանջալից էր դառնում:
Վերջնականապես հասկանալով, որ օպերայի հրապարակ իր բարեխիղճ այցելություններն առանձնապես չեն փոխելու հայոց պատմության ընթացքը, Համբարձումը որոշեց փոխել իր կյանքը: Նա գնաց սոցապնախարարություն՝ նոր կյանքի ակնկալիքով: Միայն նախարարության մոտակայքում Համբարձումը հասկացավ, որ իր նմանները՝ նոր կյանք հայցողները շատ -շատ են՝ նման հերթ նա վերջին անգամ տեսել էր խորհրդային տարիներին՝ 200 գրամ կարագի համար: Ու բոլորը նոր կյանք էին ուզում: Իսկ դոնորները քիչ էին: Ինչպես կարագը կոմունիստական տերության վերջին տարիներին:
Հերթի կանգնած այս բազմությունը անկեղծորեն զարմացրեց Համբարձումին: Վերջին ընտրությունների արդյունքները վերլուծելով, նա եկել էր այն համոզման, որ իր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը հավանություն է տալիս սեփական վիճակին: Բայց նայելով այս անվերջ հերթին, որը մայրաքաղաքի տարբեր փողոցներով ձգվում էր մինչեւ կայարան, Համբարձումը մտածեց՝ «Եթե իրենց կյանքից դժգոհ եւ կյանքը փոխել ցանկացող մարդկանց թիվն այսքան մեծ է, ինչու նրանք նախարարությունից նոր կյանք խնդրելու փոխարեն չեն փոխում իրականությունը»:
Կարդացեք նաև
Պատասխանը միանգամայն իրական խռպոտ ձայնով հնչեց, երբ Համբարձումը հետ էր վերադառնում Աբովյան փողոցով… Սեւ գլխարկով մի տղամարդ հիմնավորեց՝ «Որովհետեւ մարդիկ այլեւս չեն հավատում, որ կարող են փոխել իրականությունը»: Համբարձումը զարմացավ, բայց ենթադրեց, թե երեւի բարձրաձայն է հնչեցրել իր մտքերը: Իսկ սեւ գլխարկովը շարունակեց՝ «Միթե մինչեւ հիմա չեք հասկացել, որ իշխանության եկած բոլոր գործիչների նպատակը՝ անկախ նրանց գեղեցիկ կարգախոսներից, միշտ մեկն է եղել՝ համոզել, որ դուք երբեք չեք կարող փոխել իրականությունը: Եվ նրանց կարելի է հասկանալ՝ չէ որ նրանք են ստեղծել այդ իրականությունը եւ այն նրանց կյանքի մի մասն է: Եվ եթե դուք փոխեք իրականությունը, իրենց կյանքն էլ է փոխվելու՝ հիմնականում դեպի վատը, իսկ իրենք հենց այն մարդկանցից են, որոնք ի տարբերություն ձեզ՝ չեն ուզում փոխել իրենց կյանքը»:
«Բա ինչ անենք»՝ հարցրեց Համբարձումը:
«Կարելի է փոխել անցյալը եւ համապատասխանաբար կփոխվի նաեւ իրականությունը»,- ասաց գլխարկովը: Նա գրպանից հանեց մի ժամացույց, որի վրա սովորական թվանշանների փոխարեն տարեթվեր էին՝ վերջին 60 տարին: Ճիշտ այդքան էր ապրել Համբարձումը:
«Եթե սլաքը հետ պտտեք ու հասնեք ձեր ուզած թվականին, այնտեղ կարելի է ինչ-որ բան փոխել: Բայց ինչ անելը ձեզնից է կախված»՝ շատ ծանր եւ ոչ դուրեկան առաջարկ արեց տղամարդը:
Գաղափարը իրականում գայթակղիչ էր: Համբարձումը հիմա միայն հասկացավ, որ միշտ երազել է նման մի ժամացույց ունենալ, որը թույլ կտար հետ գնալ ու ինչ-որ բան փոխել կյանքում: Բայց այդ ժամացույցը նա երազում էր ունենալ զուտ կենցաղային նպատակներով: Ասենք, ինչ-որ մեկը վիրավորել էր, ինքն էլ գլխիկոր հեռացել: Ու հետո օրերով, շաբաթներով տանջվում էր եւ ուզում էր հետ պտտեցնել ժամանակը, վերադարձնել այդ պահը ու արժանի պատասխան տալ վիրավորողին:
Բայց փոխել պատմությունը՝ նման քայլի Համբարձումը պատրաստ չէր: Ինչպես կարող էր նա իր ուսերին վերցնել այդպիսի պատասխանատվություն՝ բա որ մի բան փոխվեր ողջ հայ ժողովրդի կյանքում: Հետո տակից դուրս չես գա:
Մի խոսքով՝ չհամաձայնեց: Հիշեց ծանոթ բժշկին՝ Արտոյին, որը պլաստիկ վիրահատություններ էր անում: Որոշեց փորձել նրա մոտ ձեւափոխել իր կյանքը:
Երբ արդեն պառկել էր վիրահատական սեղանին, Արտոն ասաց՝ «Բայց ահագին բան պիտի հեռացնեմ»: Համբարձումը վախեցավ եւ ասաց՝ «1974 թվականից ավելի խորը չկտրես, այնտեղ լիքը լավ բաներ կան»:
Արտոն շատ լավ հասկանում էր, թե ինչ է ուզում Համբարձումը, բայց նաեւ հասկանում էր, թե ինչ է լինելու այս վիրահատության արդյունքը: Նա կրկին հարցրեց Համբարձումին՝ «Բայց լա՞վ ես մտածել»: Համբարձումը տնքաց՝ «Կտրիր, էլ չեմ կարող այսպես ապրել»:
Արտոն հասավ 2008-ին, զգուշորեն հեռացրեց, հետո 2004-ին, էլի հեռացրեց: Հետո էլի մի փոքր կտրեց ու հասավ 1996-ին եւ 95-ին: Սա ամենակարեւոր տեղն էր՝ այդտեղից էին սկսվել մետաստազները:
Համբարձումը ոչինչ չէր զգում, նա վայելում էր նարկոզային անէությունը: Մտքով անցավ՝ «Այս իրականության մեջ միայն նարկոզի տակ կարելի է ապրել՝ երանի թե ողջ անցումային շրջանն անցներ այսպես՝ նարկոզի տակ»:
Արտոն հիմնականն ավարտել ու արդեն մանր-մունր բաներով էր զբաղվում՝ հեռացնում էր չսպիացած վիրավորանքները, այն ամոթալի դրվագները, որոնց համար Համբարձումը ողջ կյանքի ընթացքում խղճի խայթ էր զգում… Հասավ 1987-ի չստացված սիրուն, մի պահ մտածեց, բայց հետո որոշեց թողնել՝ մահացու չէր…
…Արդեն հիվանդանոցային պալատում ուշքի գալով նարկոզային թմբիրից, Համբարձումը միանգամից զգաց, որ աշխարհը բոլորովին այնպիսին չէ, ինչպես առաջ՝ վատ, ավելի լավն է…
Երբ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներին, Համբարձումը չկարողացավ զսպել ինքն իրեն՝ «Տո լավ էլ անում են, մի լավ էլ թող բաժանմունքում դաս տան էդ անբան գրանտակերներին»…
Այդ պահին ներս մտավ Արտոն: Նա լսեց Համբարձումի խոսքերը եւ հասկացավ, որ Համբարձումն այլեւս չկա…
«Ափսոս: Բայց ես նրան զգուշացրել էի»…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ