Authentic Light Orchestra-ի ղեկավարն էլ ծագումով հայազգի Վալերի Տոլստովն է
Ազգային օպերային թատրոնում վաղը հանդես կգա շվեյցարական ճանաչված Authentic Light Orchestra էթնո-ջազ խումբը, թատրոնի նվագախմբի լարային կազմի ընկերակցությամբ: Համերգը կվարի թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Սրանով սկիզբ է դրվում օպերային թատրոնի նոր՝ «Նվագախումբ+» նախագծին: Authentic Light Orchestra-ն առաջին անգամ է Հայաստանում:
2009թ. Ցյուրիխում հիմնադրված Authentic Light Orchestra-ն, որը ղեկավարում է հայ երաժիշտ Վալերի Տոլստովը (լուսանկարում՝ ձախից առաջինը), արտերկրյա մամուլը բնութագրում է իբրեւ ունիվերսալ, նշելով, որ չնայած խմբի կազմը փոքր է՝ 5 երաժիշտ, բայց գործիքային բազմազանության շնորհիվ այն նվագախմբային հնչողություն է ապահովում: Յուրաքանչյուր համերգի ժամանակ երաժիշտները ներկայացնում են տարբեր ազգերի 20 եւ ավելի գործիքներ: Մինչ խմբի ղեկավարի՝ մեր հայրենակցի հետ հանդիպելը, դարձյալ արտերկրյա մամուլից տեղեկացանք, որ Authentic Light Orchestra-ին հաճախ անվանում են հայ-ավստրո-շվեյցարական՝ խմբի երաժիշտների ազգությունը նկատի ունենալով: Երգչուհին՝ Վերոնիկա Ստալդերը, շվեյցարուհի է, դաշնակահարը՝ Եվգենի Լեբեդեւը՝ ռուս, Շվեյցարիայից են նաեւ կիթառահար Ֆրանց Հեյմյուլերը, բաս կիթառահար Բետ Գիսլերը: Երեւանյան համերգին հրավիրված է Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): Կլինեն նաեւ անակնկալներ, երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Արմեն Հյուսնունցը, Վահան Արծրունին եւ հայաստանցի այլ երաժիշտներ:
«Առավոտի» հետ զրույցում Վալերի Տոլստովն ասաց, որ ինքը 1990-ականների կեսերին ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի եւ երգեհոնի դասարանները, ուսումը շարունակել է Ցյուրիխի երաժշտական բարձրագույն դպրոցում, հատուկ նշեց, որ ծառայել է հայկական բանակում: Առանց մանրամասնելու էլ հայտնեց, որ թեեւ իրենք հրավիրվել ու ելույթ են ունեցել աշխարհի տարբեր անկյուններում, այդուհանդերձ, Հայաստանում խմբի երաժիշտները իրենց զգում են «յոթերորդ երկնքում»:
Վալերին ասաց, որ խումբը Երեւանում է Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ Շմավոն Գրիգորյանի շնորհիվ, որի հետ ծանոթությունը կայացել է Ցյուրիխում, որտեղ Շմավոնը ուսանել է տեղի բարձրագույն երաժշտական դպրոցում: «Մենք ներկայացնում ենք էթնո- ջազ, բայց չմոռանանք, որ ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկյան ու եվրոպական մշակույթների սինթեզ եւ մինչ օրս էլ մնում է երաժշտական արվեստի եզակի ձեւ, որը միավորում է ազգություններն ու վերացնում սահմանները մարդկանց եւ պետությունների միջեւ»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ իրենց ներկայացրած երաժշտության 90 տոկոսը հայկական ֆոլկ է, ինչին զգույշ են մոտենում: Տեղեկանալով, որ խմբի երգչուհին կատարում է նաեւ Կոմիտասի «Քելե, քելե»-ն ու «Գարուն ա»-ն, հետաքրքրվեցինք, թե ինչ աղբյուրներից է Վերոնիկա Ստալդերը յուրացրել դրանք: «Վերջին շրջանում Վերոնիկան Ամերիկայում ծանոթացավ հայտնի ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ եւ 3 շաբաթվա ընթացքում վարպետության դասեր վերցրեց նրանից: Մյուս կողմից՝ հայկական ջազը շնորհիվ հայաստանցի եւ արտերկրում այդ ոլորտում ստեղծագործող երաժիշտների, տարածված է ու սիրված: Վերջերս ծանոթացա ջազի հայ արքա Լեւոն Մալխասյանի պրոդյուսերությամբ հրատարակված «ԱրմՋազ» ալբոմին, որը բաղկացած է 2 լազերային սկավառակներից՝ ընդգրկելով 21 կոմպոզիցիաներ: Սա հայկական ջազի շքեղ անթոլոգիա է, ընդ որում՝ ընդգրկված են ոչ թե հայ երաժիշտների կողմից ներկայացվող պարզապես ջազային ստեղծագործություններ, այլեւ այնպիսի կոմպոզիցիաներ, որոնց հիմքում ընկած է հայկական ֆոլկը»,- հայտնեց Վալերին: Նա ասաց, որ նախօրեին իրենց երգչուհին Գեղարդի վանքում կանանց կվինտետի ու Հասմիկ Բաղդասարյանի հետ հնչեցրել է հայկական ֆոլկ: Արվեստագետը իր եւ խմբի երաժիշտների անունից հիացմունքով խոսեց դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ օպերային թատրոնի երաժիշտների մասին, հատուկ էլ նշեց իրենց հետ հանդես եկող հայաստանցի ջազային երաժիշտ Ալեքսանդր Գրիգորյանին (հարվածային գործիքներ), հիշեցնելով, որ նա ժամանակին հանդես է եկել Արտաշես Քարթալյանի հանրահայտ ջազ-տրիոյի կազմում: Հարցին, թե Արեւմուտքը մեր ջազային երաժիշտներից ո՞ւմ է երկրպագում, Վալերին պատասխանեց. «Այսօր թիվ կա աստղերին, թիվ չկա ջազային խմբերին ու անհատ կատարողներին: Արեւմուտքում հեղինակավոր համերգասրահների ու ջազային տարբեր կոլեկտիվների կողմից սիրված ու սպասված հյուր է ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը»: Վալերին խոստացավ, որ հաջորդ հանդիպումը հայ ունկնդրի հետ հավանաբար չի ուշանա, հիշեցնելով, թե անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հայտարարել է ջազի միջազգային օր. «Գուցե այդ առիթով հայաստանցի գործընկերներիս հետ ինչ-որ բան մտածենք…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ