Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ներկայացուցչությունը տապալե՞լ է ցուցահանդեսը

Սեպտեմբեր 17,2013 14:20

poster_nikol_exhibԳեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը զայրացած է

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը  Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը, որը բնույթով բարեգործական էր, նպատակը նկարների վաճառքից հավաքվելիք հասույթը Քաշաթաղի տարածաշրջանի Հակ գյուղի  դպրոցի վերականգնմանը եւ տարածաշրջանի բնակչության կարիքներին ուղղելն էր: Գեղանկարիչը փաստեց, որ այդքան էլ հեշտ չէր Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահում ցուցահանդես ունենալը, որովհետեւ մարդիկ կարող են տարիներով հերթագրված լինել, մինչդեռ իրեն մեկ շաբաթվա ընթացքում ցուցասրահ են տրամադրել: Մեր զրուցակցի ասելով, դա  խոսում է հայկական գեղանկարչության հանդեպ «դրսում» եղած հետաքրքրության մասին:

«Առավոտի» հետ զրույցում  Նիկոլ Աղաբաբյանը պատմեց, որ ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները վերցրել էր իր վրա՝ շրջանակներից սկսած, ավարտած հրավիրատոմսերով, բուկլետով, հյուրանոցով, ճանապարհածախսով: «Մոսկվայում  Արցախի ներկայացուցչությանը միայն մի բան էր մնում՝ ընդամենը հրավիրատոմսեր բաժանել, ընդ որում՝ Արցախի մշակույթի նախարարությունը հանձն էր առել, որ այդ գործը իրենք կկատարեն, բայց այդպես էլ ոչ մի բան էլ չարեցին: Մոսկվայում Արցախի  ներկայացուցիչն ու իր տեղակալը եկան, մասնակցեցին  ցուցահանդեսին, նրանք զլացել էին տեղեկատվությունը տեղ  հասցնել, մարդկանց իրազեկել ցուցահանդեսի  մասին: Ի վերջո  հենց այնպես գումար չէր կարող հավաքվել, պետք է նկարները գնեին ու այդ գումարը ուղղվեր բարեգործական նպատակների: Դժբախտաբար մեր դիվանագիտական կորպուսի տարբեր օղակներում աշխատողները բացարձակ  պետական մտածողություն չունեն, անձնավորված է իրենց գործունեությունը եւ  զուտ իշխանավորներին հաճոյանալու նպատակ է հետապնդում: Ես ուզում եմ հավատալ, որ մեր կառավարող օղակներում կան պետական մտածողությամբ մարդիկ, բայց մինչեւ այսօր որեւէ մեկին չեմ հանդիպել: Դա մեր ողբերգությունն է եւ արտագաղթի հիմնական պատճառներց մեկը: Ես Մոսկվայում շատ հայերի հանդիպեցի, չկար  մեկը, որ ցանկություն չունենար Հայաստան վերադառնալ, ու նրանց՝ Հայաստանից հեռու գտնվելու միակ պատճառն այն էր, որ հիասթափված էին այս իշխանավորներից: Ես էլ մի ուրիշ բան իրենց առաջարկեցի՝ եթե մի խումբ սրիկաների պատճառով պիտի ցրիվ գանք ամբողջ աշխարհով մեկ, ավելի լավ է դրանց ցրիվ տանք ու գանք մեր երկրին տիրություն անենք…»,-նեղսրտում է Նիկոլ Աղաբաբյանը:

Ասում է, որ պատրաստ էր 30 աշխատանք նվիրաբերել, մինչդեռ չկայացավ բարեգործական ցուցահանդեսը, որովհետեւ այն հայ մասսան, որը պետք է ներկա լիներ եւ շահագրգիռ՝ բարեգործական նպատակներով նկար գնել, չէր տեղեկացվել ցուցահանդեսի մասին: Գեղանկարչին առաջարկել են սեպտեմբերի 18-ին հայկական դեսպանատանը եւս մի ցուցահանդես ունենալ, ինքն էլ մեկ ուրիշ առաջարկ է արել՝ 10 նկար նվիրել, բայց պայմանով, որ դրանք տրվեն մեծ նվիրատուներին, ու նկարների  արժեքին համարժեք գումարն առանձնացվի Քաշաթաղի տարածաշրջանի համար: «Դա իրենց չգոհացրեց,  որովհետեւ անձնական շահագրգռության պահ չկար: Ես չեմ կարող սրա մասին չասել, որովհետեւ վրդովված եմ…Ախր այսպես մինչեւ ո՞ւր պիտի գնանք»,- տարակուսանք է հայտնում Նիկոլը ու հավելում, որ որոշ հայորդիների է հանդիպել, որոնք  պատրաստ են օգտակար լինել Հայաստանին, բայց վստահ չեն, որ գումարը տեղ կհասնի ու ինչ-որ մեկի գրպանը չի գնա: Նկարչի ասելով, ոմանք հրաժարվել են իրենց օգնությունն առաջարկել, երբ տեղեկացել են, որ գործը պետական օղակների հետ փոքր-ինչ առնչություն ունի: Ինչ վերաբերում է մոսկովյան ցուցահանդեսին, Նիկոլ Աղաբաբյանը գոհ է արդյունքներից, ասում է. «Մոսկվայում մտավորական մի շերտ  կա, որի մոտեցումներն ազնիվ են, եթե լավն են տեսնում, բարձրաձայնում են, վատը՝ էլի բարձրաձայնում են: Մոսկվայում ինձ շատ օգնել է իմ ուսանող Անահիտ Խաչատրյանն իր ամուսնու հետ, նա ասես Մոսկվայում իմ դեսպանը լինի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30