Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական շուկան գեղեցիկ կնոջ նման է, նայում ես…բայց չգիտես վերջն ինչ կլինի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 14:14

«Մաքսային միությանը միանալու դեպքում, ռուսական շուկայում հայկական գինիների հաստատուն աճ կլինի, սակայն, հնարավոր է այդ դեպքում մենք շեղվենք գինիների արտադրության եվրոպական արժեքային համակարգից»,-այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա ներկայացմամբ`գինեգործության մեջ եվրոպական չափանիշներ կիրառելը, նշանակում է 1 շշից ստանալ ավելի շատ եկամուտ, քան ասենք` 2 շիշ կոնյակից. «Ապագա Մաքսային միության շուկայում վաճառվող կոնյակների 85%-ը 3-4 տարեկան կոնյակներն են, որից շահութաբերությունը 1 շշից կազմում է լավագույն դեպքում 1-2 դոլար: Իսկ եվրոպական արժեքային համակարգին դավանելու պարագայում, մեր արտահանվող գինիներից կունենանք ավելի շատ եկամուտ. ռեալ կարող ենք վաճառել 15-20 դոլարով, այն պարագայում, երբ մեզ մոտ 2-2,5 դոլարից չի անցնում: Դե համեմատեք: Մենք այսօր համարյա 35% եվրոպական շուկայում գինի ենք արտահանում, ռուսական կամ Մաքսային միության շուկայում մենք ունենք 1 միլիոն շիշ ծավալ, որը ոչինչ չի նշանակում: Հայաստանի այսօրվա պոտենցիալը 3-4 միլիոն շիշ է, եթե մենք որակը բարձրացնենք, այդ 3-4 միլիոն շիշը Եվրոպայում վաճառելը խնդիր չէ: Այսօր ընդամենը մի քանի կազմակերպություն ունենք, որոնք եվրոպական ստանդարտներով են արտադրում, ու ավելի արագ ենք եվրոստանդարտի դաշտ մտնում»:

Ինչ վերաբերում է կոնյակի ծավալների ավելացմանը Մաքսային միության դեպքում, պարոն Հարությունյանն ասաց, որ  Հայաստանի խաղողի 90%-ն օգտագործվում է կոնյակի արտադրության մեջ, կոնյակի շուկայի 90%-ը այդ նույն Մաքսային միության երկրներն են, հետեւապես, այստեղ որեւէ էական փոփոխություն չի նկատվի: «Բայց կա մի կարեւոր հարց` մենք մտնում ենք մի խաղի մեջ՝ Հայաստան- Եվրամիություն կոնյակի մասով, որի կանոնները թելադրում է 3-րդ կողմը` Ֆրանսիան: Ասոցացման պայմանագրով մեզ թույլատրվել էր 10 տարով Հայաստանի շուկայում օգտագործել կոնյակ բառը: Ռուսական շուկայում կոնյակ բառի օգտագործումը վերապահված է Ֆրանսիային, այսինք, Ֆրանսիան ու Ռուսաստանն ամեն վայրկյան կարող են գալ մի ընդհանուր հայտարարի, եւ այս պարագայում, Մաքսային միությունում մեր լինել-չլինելը պատկերացնում եք ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե Մաքսային միությունում չլինենք, մեր կոնյակը ոչ ոքի պետք չի, չի լինի այն ծավալով, որով մենք հիմա արտադրում ենք»,-ասաց Գինեգործների միության նախագահը: Այսինքն, ըստ պարոն Հարությունյանի, քանի որ միայն Ֆրանսիան իրավունք ունի կոնյակ բառով վաճառել իր ապրանքը, իսկ մնացած երկրների արտադրած կոնյակը գոնե եվրոպական շուկաներում վաճառվում է բրենդի անվամբ, հնարավոր է Ֆրանսիան Ռուսաստանի հետ պայմանավորվի, եւ թույլ չտա ռուսական շուկայում կոնյակ անվամբ վաճառել մեր կոնյակը:

Հարցին, թե Մաքսային միություն մտնելն արդյոք  կազդի՞ հայկական գինու որակի վրա, եթե չափանիշները եվրոպական չեն, պարոն Հարությունյանը բերեց վրացական օրինակը, երբ մինչեւ ռուս-վրացական հարաբերությունների վատացումը, այս երկիրը Ռուսաստան մոտ 55 միլիոն շիշ գինի էր արտահանում, որից 15-20 միլիոնը բարձրորակ էր, իսկ մնացածը կեղծվում էին: Հետո, երբ վրացիները ռուսական շուկայից զրկվեցին, այդ 15-20 միլիոն շիշ գինու որակը բարձրացրեցին եւ տեղ գտան եվրոպական շուկայում. «Հիմա շատ տարօրինակ բան է կատարվում վրացական շուկայում. երկմտում են` շարունակե՞ն համագործակցությունը Եվրոպայի հետ, արդեն ամսի 1-ի տվյալներով` 7 միլիոն արտահանել են ռուսական շուկա, երբ նախատեսված էր  2-3 միլիոն շիշ: Այսօր ռուսական շուկան պահանջում է, եւ մենք տեսնում ենք, որ այդ քանակն ապահովելու համար, որակ պահելը իրենց համար դժվար կլինի: Ռուսական շուկան «զամանիվայետ», ինքը գեղեցիկ կնոջ նման է, նայում ես…բայց չգիտես` վերջն ինչ կլինի»:

Հայկական գինիների նոր` չինական շուկա մտնելու հնարավորության մասին էլ՝ հաշվի առնելով վերջերս ՀՀ վարչապետի այցն այդ երկիր եւ նրանց` հայկական կոնյակի եւ գինիների նկատմամբ հետաքրքրությունը, պարոն Հարությունյանն ասաց, որ չինական շուկան մտնելը շատ բարդ խնդիր է: Նախ, ըստ գինեգործի, չինացիները մեծ ծավալ են պահանջում, եւ հաստատուն մատակարարում, սակայն մեկ այլ լուրջ խնդիր էլ կա. չինացիները լրացուցիչ անալիզներ են պահանջում, ինչը թանկ հաճույք է եւ հայկական արտադրողներին ձեռնտու չէ:

Ըստ պարոն Հարությունյանի, այսօր չինացիները հայկական գինի արտադրողներից պահանջում են գոնե շաբաթական 1 կոնտեյներ. «Այդ ծավալները չունենք, մյուս կողմից էլ, եթե հաստատուն լինի համագործակցությունը, 3-4 տարում կարող ենք հասնել իրենց համար ընդունելի արդյունքներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30