Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավճիռը հրապարակվեց մեղադրողի բացակայությամբ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2013 14:08

Մեզանում արդեն սովորույթ է դառնում դատական ակտերը հրապարակել առանց դատավարության կողմերի, մասնավորապես՝ մեղադրողների մասնակցության:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հրապարակեց Արթուր Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի, Սահակ Սահակյանի, Գագիկ Քերոբյանի, Ալլա Մախովայի (Արթուր Պետրոսյանի կինը) եւս 4-ի գործով դատական ակտը: Այս գործով մեղադրող Վ.Միլիտոնյանը, որը տուժող է ճանաչվել նաեւ, քանի որ նրա միջնորդությունից հետո նրա ուղղությամբ շիշ նետվեց, միջնորդել էր 15 տարվա ազատազրկում Արթուր Պետրոսյանի համար:

Արդարադատության նախարարության «Հրազդան», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում 3 անգամ դատապարտված Արթուր Պետրոսյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, առանց գույքի բռնագրավման, ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանը՝ 12 տարվա՝ «բուպրենորֆինի»  իրացման գործով:

14 դրվագով անցնող մյուս մեղադրյալները նույնպես բարձր պատժաչափեր ստացան:

Ամբաստանյալների պաշտպանները, հավանաբար, կբողոքարկեն դատական ակտը, քանի որ իրենց պաշտպանյալներն ու նրանց հարազատները համաձայն չէին դատավճռի հետ, եւ այդ մասին չէին թաքցնում:

Ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանը դատավճռի եզրափակիչ մասի հրապարակման պահին անընդհատ շուռ էր գալիս դեպի դահլիճում գտնվող մայրը, հանգստացնում նրան, սակայն դատավճռի հրապարակումից հետո մայրը վատացավ, նա որդուն վերջին անգամ գրկելով՝ ասաց. «Էս ի՞նչ արեցիր, տունս քանդվեց»: Ալբերտի մի աչքը չի տեսնում, քսանամյա երիտասարդը տառապում է բազմաթիվ հիվանդություններով:

Հիշեցնենք, որ դատարանում հնչած ձայնագրառումներով, որը սկսվում էր անցյալ տարվա օգոստոսի 8-ից, մեղադրանքի կողմը հիմնավորել էր, որ դատապարտյալ Արթուր Պետրոսյանը իրացրել է թմրանյութ հանդիսացող «բուպրենորֆինը», օգտագործել այն, գտնվելով ազատազրկման վայրում:

Արթուր Պետրոսյանի մայրն ասում է, որ իրենց տան խուզարկության անվան տակ մեծ քանակության ոսկե իրեր են առգրավվել, սակայն արձանագրություն չի կազմվել, մինչ օրս հայտնի չէ իր ոսկեղենի ճակատագիրը:

Դիմել է ոստիկանություն, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եւ որոշակի պատասխան չի ստացել:

Դատարանում նույն Արթուր Պետրոսյանը հայտարարեց, որ իր նկատմամբ ոստիկանությունը գործ է սարքել՝ «մուռ հանելով» մորից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30