Արտաքին քաղաքականության հետ կապված դուք անհամաձայնություններ եւ տարաձայնություններ ունեիք իշխանության հետ, հիմա Վահան Հովհաննիսյանի դեսպանի պաշտոնն ընդունելը նշանակում է ՀՅԴ-ն արդեն չունի՞ որեւէ տարաձայնություն այդ առումով: Այս հարցին այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց. «Մենք մեր տեսակետն ունենք: Մեր 7 կետերից մեկը արտաքին մարտահրավերներին են վերաբերվում, մենք դրանից չենք հրաժարվում, մեր տեսակետները չենք փոխելու: Վահան Հովհաննիսյանին իմանալով, եթե իրենք գնացել են դրանց, եթե Վահան Հովհաննիսյանին հարցնեն, ասեն դուք ոնց եք պատրաստ՝ նա նույնն է ասելու»:
Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ «Արտգործնախարարն արդեն ինքն է փոխել իր մոտեցումները: Ամսի 3-ից հետո Հայաստանում բոլորովին նոր իրավիճակ է, եթե չի ուզում դա ընդունել արտգործնախարարը՝ դա իր պրոբլեմն է: ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է, մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Այս պրոցեսի մեջ է մտել Հայաստանը, մինչեւ այդ այս վիճակը չէր: Արտգործնախարարի եւ ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում: Արտգործնախարարը խոսում է՝ Եվրասիական միությունը թողնելով հեռվում: Նախագահն ասել է Մոսկվայում, որ մտնում ենք Մաքսային միություն եւ պատրաստվում ենք Եվրասիական միություն մտնել: Եթե արտգործնախարարը ձեւակերպի այնպես, ինչպես ես եմ հիմա ասում, խնդիրը շատ պարզ կդառնա, որ մենք այլեւս այլընտրանք չունենք»:
Նա նաեւ նշեց, որ եթե մեկը ասի էներգետիկ եւ ռազմական անվտանգության առումով այլընտրանք ունենք՝ ինքը կասի բրավո, բայց իրականում, ըստ նրա, չկա նման այլընտրանք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ