Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մելիք-Շահնազարյան. Հայաստանը փակեց Ադրբեջանի ճանապարհը դեպի Եվրասիական միություն

Սեպտեմբեր 17,2013 12:46

Հատված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

   
   –Չնայած Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ըստ էության, հաստատեց պաշտոնական Երեւանի մոտեցումը, որ Հայաստանի եվրաինտեգրացման քաղաքականությունը մնում է ուժի մեջ, Եվրոպայի «տեղական փաստաբանները» շարունակում են տագնապի ահազանգ հնչեցնել, թե, Մոսկվայի պարտադրանքներին տեղի տալով՝ Հայաստանի իշխանությունը փակեց մեր ճանապարհը դեպի լուսավոր Եվրոպա։ Ձեր կարծիքը։
-Նրանք, ովքեր խոսում են Մոսկվայի պարտադրանքների մասին, խիստ թերագնահատում են մեր պետության հնարավորությունները։ Ինչ-որ տեղ դա նույնիսկ օգտակար է, այն առումով, որ այդ մարդկանց ձայնը հասնում է Եվրոպա, եւ Եվրոպային ներկայանում ենք որպես մի երկիր, որին ստիպել են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եւ որի հետ կարելի է աշխատել։
Իրականում որեւէ պարտադրանք չի եղել։ Ի՞նչ է, Պուտինը երե՞կ է իմացել, որ մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ, կամ միայն վերջին պահի՞ն ձեռք բերեց պարտադրելու հնարավորությունը։ Իհարկե՝ ոչ։ Իրողությունն այն է, որ Հայաստանը, խելամիտ քաղաքականություն վարելով, փակեց Ադրբեջանի ճանապարհը դեպի Եվրասիական միություն։
Բայց Ադրբեջանը կարծես մտադիր էլ չէր մտնել Եվրասիական միություն։ 
-Հայաստանյան մամուլում այս մասին շատ քիչ է խոսվում, բայց Ալիեւը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ մենք կարող ենք քննարկել այդ հեռանկարը։ Պուտինը ասել էր նույնը, ինչ մեզ է ասում՝ ձեր իրավունքն է, դուք եք որոշում՝ որոշողը մենք չենք, եւ Բաքուն տրամադրված էր ընտրություններից հետո բարձրաձայնել Եվրասիական միություն մտնելու ցանկությունը։
Կարծում եմ, նույն քննադատողները շատ լավ պատկերացնում են՝ ինչ կլիներ, եթե Հայաստանը չմտներ, իսկ Ադրբեջանը մտներ այդ միության մեջ, ինչ առավելություններ կստանար Ադրբեջանը, եւ ինչից կզրկվեինք մենք։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ մենք կարողացանք քարոզչությամբ, հրապարակային հայտարարություններով «թյուրիմացության մեջ գցել» բոլորին։ Այսինքն՝ ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանը կհայտարարի Մաքսային միությանն անդամակցելու մասին, բայց դա ամենեւին չի նշանակում, թե այդ որոշումը պարտադրված էր։ Հակառակը, նշանակում է, որ Հայաստանի քաղաքականությունը, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը, որոշվում է ոչ թե հրապարակներում եւ միտինգներում, այլ առանձնասենյակներում՝ կոմպետենտ մարդկանց փոքր խմբի կողմից։
Հատկանշական է, որ բառացիորեն նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, եւ նրանց ճանաչված քաղաքագետներից մեկը՝ Ռաշիդ Մալաեւը, հայտարարեց՝ Հայաստանը, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու «քողածածկույթ ստեղծելով», խաբեց բոլորին, առաջին հերթին՝ Ադրբեջանին։
Հաջորդ օրը Միրկադիրովը գրում է՝ վերջ, հիմա արդեն կարող ենք ընդմիշտ մոռանալ Ղարաբաղի մասին։ Թվարկումը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու համար, որ այդ քայլով մենք իսկապես կարողացել ենք մոլորեցնել մեր հակառակորդներին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30