Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցության ղեկավարը ուսումնասիրել է Կոմիտաս 5-ի միջադեպերը

Սեպտեմբեր 17,2013 12:26

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հանդիպել է Կոմիտաս 5 հասցեում բնակելի շենքի կառուցապատող Էդուարդ Քեշիշ Աբրահամին:

«Բնակիչների ամբողջ խնդիրն այն էր՝ հնարավորինս շատ անձնական վիրավորանքներ ուղղել գործարարին: Էդուարդ Քեշիշի հեռախոսահամարը վերցրի, զանգահարեցի, հանդիպեցինք, որ հասկանամ՝ ինչ է կատարվում: Քեշիշը ներկայացրեց իր տեսակետը: Երվանդ Զախարյանի օրոք այդ հողատարածքը վաճառվել է ոմն Արմենի, առաջին սխալը գալիս է Զախարյանից: Առանց հասարակական լսումների, առանց բնակիչներին լսելու ո՞նց կարելի էր հողատարածք վաճառել: Գագիկ Բեգլարյանի օրոք էլ Քեշիշը ներկայացրել է շենքի նախագիծը, իսկ Տարոն Մարգարյանը ընդամենը վավերացրել է այն, ինչը եկել է 2008-ից: Հիմա շինությունը լինելու է յոթ հարկանի, վաղը ճարտարապետ Մկրտիչ Մինասյանին է հանձնվելու գենպլանը, աշխատանքային այս նախագիծը, որն ինձ տրամադրել է հենց գործարարը, որին մինչեւ այդ հանել էին թուրք, օտար: Բայց սփյուռքահայ գործարարին փոխանակ խրախուսենք, պետությունն այդ փաստաթղթի տակ ստորագրելուց հետ կանգնի գործարարի կողքին, որ այս վիճաբանությունը օբյեկտիվ լուծման հանգի, ոչ մի արձագանք չեմ տեսնում ոչ Զախարյանից՝ ում գեղեցիկ ստորագրությամբ է սկսվել այս ամենը, ոչ էլ Բեգլարյանից: Որեւէ մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի սրա համար»:

Անի Զախարյանը վստահեցրեց, որ գործարարը ոչ մի անօրինականություն թույլ չի տվել, տարածքում էլ ծառահատումներ չի արել, ինչպես պնդում են բնակիչները:

Հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչպես է դատարանի վճռով գործարարը տուգանվել ծառահատումների համար, տիկին Զախարյանը մի պահ լռեց, ապա շինհրապարակի տարածքի լուսանկարներ սկսեց ներկայացնել եւ ասաց. «Վստահություն չունենք դատարանի նկատմամբ: Փաստերով եմ խոսում, նայում եմ նկարները, որոնք տրամադրել է գործարարը»:

Կուսակցության ղեկավարը նաեւ դժգոհեց ակտիվիստներից, ասաց՝ ուսումնասիրել է նրանց վարքն ու պայքարի նպատակները, հասցրել հիասթափվել. «Իմ ուսումնասիրությունից հետո տեսա՝ իրենք իրենցից ինչ են ներկայացնում կամ ինչ ճանապարհով են գնում, մենակ պրովոկացիաներ են անում: Ինձ համար այդ մարդիկ այնքան անհետաքրքիր են, որ չեմ էլ ուզում գնահատականներ տալ, սուբյեկտիվ մոտեցումներով են առաջնորդվում »:

Տիկին Զախարյանի խոսքերով, իրենց կուսակցությունն արդեն մեկ ու կես ամիս է, ինչ գրանցում է ստացել ու արդեն 207 անդամ ունի գրանցված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30