Ստամբուլ կատարած ուղեւորության արտաքին տպավորությունների վերարտադրումը անիմաստ է, քանզի այդ պատմական քաղաքն այցելելը դյուրին գործ է Հայաստանի քաղաքացիների համար: Ամենաարտառոցը, թերեւս, հայաստանցիների ներկայությունն էր այդ հսկա մեգապոլիսում եւ առհասարակ Թուրքիայում տարբեր աղբյուրներով 30-100 հազար մարդ, պաշտոնական տվյալներ չկան: Թվաքանակն աննշան է նույնիսկ 20-միլիոնանոց քաղաքի համար, էականՙ օրեցօր նոսրացող Հայաստանի համար:
Ինչն է բնորոշ ընդհանուր առմամբ պարզ աշխատանքով զբաղված այս մարդկանց համարՙ խոր հիասթափությունը հայրենյաց անարդար իրողություններից, իշխանություններից, հասարակ մարդու նկատմամբ ղեկավարության անողոք անտարբերությունից, ցածրագույն վարձատրությունից: Գուցե անսովոր չէ, երբ հայաստանցին հայտնվում է Փարիզում, Մոսկվայում, Լոս Անջելեսում: Սակայն ուրիշ է, երբ նա ապրուստի որոնումներով ոտք է դնում… Թուրքիա: Եկեք միայն կեղծ պաթետիկայով չմեղադրենք այս մարդկանց հայրենիքի դավաճանության մեջ, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է հայկական լրատվամիջոցներում:
Լավ կյանքից չեն հեռանում Հայաստանից: Ստամբուլում բնավորված շատ հայաստանցիների հետ ունեցած զրույցներում ապշեցնում էր նրանց միահամուռությունը մի հարցումՙ թուրքական իշխանությունները, թուրքերը իրենց նկատմամբ անհամեմատ ավելի բարեհաճ են, քան դա նկատվում է Հայաստանում: Այդպես է դա, թե ոչ, թողնենք հայոց կառավարիչների խղճին:
Փոքր-ինչ հակադրություն: Թուրքիայում զգացվում է հարգանքը երկրի ղեկավարության ու մասնավորապես վարչապետ Էրդողանի նկատմամբ: Թաքսիմի իրադարձությունները եւ նույնիսկ Սիրիայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը առանձնապես չխարխլեցին նրա դիրքերը: Անգամ Էրդողանի հակառակորդները, ընդդիմախոսները ընդունում են նրա կառավարման 10 տարվա ընթացքում երկրի կյանքում տեղի ունեցած հսկայական առաջընթացը: Միայն մեկ փաստ. երբ Էրդողանը եկավ իշխանության գլուխ, տարեկան միջին աշխատավարձը կազմում էր 2000 դոլար: Հիմա հատել է 11000-ի սահմանը: Հայաստանի ո՞ր ղեկավարը կարող է հպարտանալ նման, պարզ է, համեմատական, հաջողությամբ: Եվ առհասարակ, երբ ավտոբուսով մտնում ես Թուրքիա եւ բազմաթիվ քաղաքների ու ավանների միջով հասնում Ստամբուլ, անկարելի է չտեսնել երկրի եվրոպականացման կուրսի ակնառու դրսեւորումները: Վերջիվերջո պետք է տարրական անաչառություն ցուցաբերել մեր հավերժական թշնամու նկատմամբ, նախանձել նրա առաջընթացին, լավ իմանալ, թե ումից ինչ ենք պահանջում եւ այլն:
Աղախին աշխատող ստամբուլաբնակ հայաստանցի կինը ասաց, որ երազում է (այդպես էլ ասաց) դառնալ Թուրքիայի քաղաքացի մոտ 500 դոլարի հասնող ծերության կենսաթոշակ ապահովելու նկատառումով: Որպես համաշխարհային պրովոկացիա կդիտվեր, եթե սոցիոլոգիական հետազոտությունների որեւէ կենտրոն հայտարարեր, թե Թուրքիայի երիտասարդության 75, 8 տոկոսը ձգտում է հեռանալ երկրից:
Հայաստանցիների արտագաղթը Թուրքիա նույնքան արտառոց է նաեւ այն իմաստով, որ բուն պոլսահայերի մեջ այնուամենայնիվ մտահոգություն կա իրենց իսկ ապագայի հանդեպ:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում