«2010թ. Կանանց ռեսուրսային կենտրոնը նախաձեռնեց ստեղծել Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի փոփոխությունների մասին օրենքի նախագիծ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղեկացրեց Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը, նշելով, որ օրենսդրության մեջ բացեր կան, գործող օրենսդրության մեջ նույնիսկ սեռական բռնության դիմաց դրամական տուգանքի պատժի ձեւեր կան:
ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի խոսքով էլ՝ օրինակ 2011թ. գրանցվել է 71 սեռական հանցագործության դեպք, 2012-ին՝ 102, սակայն 2013 թվականի միայն 6 ամսվա ընթացքում՝ 59 դեպք. «Այս հանցագործություններն ունեն ավելանալու միտում»:
Դավիթ Թումասյանը նաեւ նշեց, որ ըստ նախագծի՝ իրենք նախատեսել են, որ մինչեւ 12 տարեկան երեխաները համարվելու են անօգնական վիճակում գտնվող. «12 տարեկանից բարձր տարիքի երեխաների դեպքում կնշանակվի դատահոգեբանական փորձաքննություն»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՊՀ երկրների համեմատ, Հայաստանում սեռական հանցագործությունների ցուցանիշը բարձր չէ:
Կարդացեք նաև
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ հավելեց, որ օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ ու մոտակա երկու ամսվա ընթացքում էլ կընդունվի ամբողջությամբ. «Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց այս նախագծին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ