Այս տարվա օգոստոսի վերջերին մարդկանց ու ոստիկանների միջեւ Կոմիտասի փողոցում տեղի ունեցած բախումը ոստիկան-քաղաքացի հարաբերությունների ներկա ցավալի վիճակի ակնառու օրինակ էր: Ինտերնետային մեկնաբանություններում ոստիկաններին համեմատում են թուրքերի հետ, այլ կերպ` թշնամու: Նրանք ավելի վատն են, քան թուրքերը, նրանք թշնամիներ են: Օրենքի մարդու հանդեպ նմանօրինակ ակնածական եւ սիրալիր վերաբերմունքի, անկասկած, ականատես եք եղել նաեւ Դուք, հարգելի ընթերցող, եւ միգուցե ինձ պես հարցրել եք, թե որտեղից են գալիս այդ հիրավի աստվածահաճո կանխատրամադրվածության եւ բարոյափիլիսոփայական ընդհանրացումների ակունքները: Ոստիկանի հանդեպ նման վերաբերմունքը ինքնին հետաքրքրական է, քանի որ նախ տարածված է հասարակության լայն շերտերում, երկրորդդ աչքի է զարնում այդ վերաբերմունքի մեջ առկա անհասկանալի պարադոքսըՙ ինչպես կարող է սովորական մարդը նման վերաբերմունք ունենալ որոշակի ինստիտուտի հանդեպ, որը ստեղծված է հենց իր շահերը պաշտպանելու համար: Այս պարադոքսը էլ ավելի հետաքրքրական ու խճճված է դառնում, երբ ոստիկանի հանդեպ բացասական կարծիք հայտնած մարդուն խնդրում ես բացատրել, թե ինչու է նա այդպես արտահայտվում օրենքի պաշտպանների նկատմամբ:
Ամենից հաճախ հնչող պատասխանն այն է, թե կան ոստիկաններ, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները, պատժում են անմեղ մարդկանց: Այստեղից էլ, ասում են նրանք, ոստիկանի հանդեպ թշնամանքը:
Սակայն, ըստ իս, նման կերպ ոստիկանի հանդեպ անհանդուրժողականությունը բացատրելը հիմնավորապես սխալ է, թեկուզ այն պատճառով, որ կան այլ դասի պարոնայք եւս, որոնք չարաշահում են իրենց լիազորությունները, որոնց հետեւանքով մարդկանց վնասները ավելի մեծ են: Ասենք, պետական չինովնիկները, որոնք կարող են յուրացնել պետության միջոցները, բժիշկները, որոնց սխալից մարդիկ են մեռնում, կամ սովորական հանցագործները եւ այլք, ում հանդեպ, սակայն, ատելության եւ անհանդուրժողականության անգիտակցական զգացումները չեն ուղղորդվում: Նշված բացատրության հաջորդ թույլ կողմն այն է, որ անհանդուրժողականությունը դրսեւորվում է ոչ թե «վատ ոստիկանի», այլ ընդհանրապես ոստիկանի նկատմամբ: Այլ կերպ, ատելությունն ու անհանդուրժողականությունն ուղղված են ոչ թե առանձին ոստիկանի, առանձին անձի նկատմամբ, այլ ոստիկան ԳԱՂԱՓԱՐԻՙ վերացարկված բոլոր անձնային հատկանիշներից: Ընդ որում, որ ոստիկանը վատն է, ոստիկանին ու արդարադատությանը դիմողըՙ գործ տվող, դառնում են աշխարհայացքի տարր, իսկ «մի մատնիր» սկզբունքը (այսինքն մի մատնիր հանցագործին) վերածվում է գրեթե բարոյականության սկզբունքի, իսկ նրա կիրառությունը ապահովվում է հասարակական կարծիքի ճնշմամբ ստորացնելով ու արհամարհելով բոլոր նրանց, ովքեր խախտել են տաբուն (մի մատնիր):
Ոստիկանների հետ վերջին ընդհարումների ժամանակ մարդկանց ատելության պոռթկումների մեջ ուշադիր զննող աչքը կարող էր նկատել, որ ամբոխը ենթագիտակցաբար իրեն վերագրում էր զոհի կարգավիճակը: Մարդիկ կանխապես համոզված են, որ ոստիկանները ցանկանում են իրենց վնասել, ոստիկանի նույնիսկ ամենաչնչին հպումը հրմշտոցի մեջ ընդունվում էր որպես ոտնձգություն, որպես բռնանալու փորձ, հանգիստ հորդորանքը ընկալվում էր թշնամությամբ: Իր պարտականությունները կատարող ոստիկանի վրա գոռալը, նրան ակնհայտ վիրավորելը դիտվում է նորմալ, բնական մի բան:
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում