Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հարությունյան. «Ակտիվիստների մեծ մասն անգամ ոչ մի ՀԿ-ի հետ կապ չունի, բայց նրանց ասում են գրանտակերներ»

Սեպտեմբեր 17,2013 10:48

Հատված քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հետ հարցազրույցից:

– Այս օրերին ԵՄն, ԵԱՀԿ գրասենյակը, ԱՄՆ դեսպանատունն իրենց հայտարարություններում դատապարտեցին ակտիվիստների վրա հարձակումները։ Կարծիքներ կան, որ Եվրոպական կառույցներն ուզում են օգտագործել քաղաքացիական շարժումը։ Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները, եւ ի՞նչ կտա դա պայքարին։

– Խոսքը վերաբերում էր մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ ոտնձգություններին ու հակաժողովրդավարական երեւույթներին, եւ բնական է, որ այդպիսի արժեքներով առաջնորդվող կառույցները պարտավոր էին արձագանքել։ Այդ հայտարարություններին քաղաքացիներն էլ արձագանքեցին, նշելով, որ սա նաեւ նրանցից ոմանց մեղավորությունն է, որովհետեւ ընտրությունները գնահատում էին մեկ քայլ առաջ, այսինքն՝ լեգիտիմացրին ընտրությունները եւ իրավունք տվեցին, որ անցնեն այսպիսի գործելաոճի։ Բացի դրանից, կա նաեւ Մաքսային միության հետ կապված խնդիրը, իմ կարծիքով՝ դա էլ որոշակի ազդեցություն ունի Հայաստանի վարչախմբի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում արտահայտելու հետ

կապված։ Ինչ վերաբերում է նրան, որ ակտիվիստներին ուզում են իրենց կողմը ներգրավել, ապա դրա կարիքը չկա, որովհետեւ այդ մարդիկ հստակ պատկերացնում են, թե ինչ են անում, եւ ոչ մեկի կողմ չեն քաշվելու, որովհետեւ գործում են իրենց պետության եւ հանրության շահերից ելնելով։ Ամեն դեպքում, դրական ազդեցություն կունենա, եթե նախկինում լղոզված արձագանքների փոխարեն ավելի հստակ դիրքորոշումներ լինեն։

Այս ընթացքում շատ խոսվեց եւ դեռ էլի խոսվում է շարժումն ուղղորդելու, հովանավորելու, ֆինանսավորելու մասին։

– Դա մի բանի համար է արվում, արժեզրկել, վարկաբեկել, պիտակավորել այն մարդկանց, ովքեր վտանգ են ներկայացնում վարչախմբի համար։ Հետո նայենք, թե ում կողմից են այդ տեսակետներն առաջ քաշվում, Բաղրամյան 26-ի կողմից ուղղորդվող բլոգերների, ՀՀԿ-ի ներկայացուցիչների, այնպիսի մարդկանց, ովքեր հենց իրենք են ուղղորդվում, իսկ դա արդեն ծիծաղելի է։ Վարկաբեկման փորձերը միշտ էլ լինում են, ակտիվիստների մեծ մասն անգամ ոչ մի ՀԿ-ի հետ կապ չունի, բայց նրանց ասում են գրանտակերներ, այնինչ կառավարությունն ամենամեծ գրանտներն է ստանում եւ ոչ արդյունավետ ծախսում, կամ թե ինչ-որ ուժերի կողմից

են ուղղորդվում, այն դեպքում, երբ բազմիցս նշվել է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող իր օրակարգը բերել։

Իսկ ինչի մասին որ խոսում են, ոչ մի փաստ չկա, եթե լիներ, դա անպայման մեծ աղմուկով կցուցադրեին, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են՝ վարչախմբի կողմից շրջանառության մեջ դրված, եւ որոշ մարդիկ, միտումնավոր թե չհասկանալով, ընկնում են այդ ծուղակը։

Նաեւ հոգեբանական պահ էլ կա, որոշ մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում եւ չեն ուզում անել, իրենց անգործությունն ու անկարողությունն արդարացնում են նրանով, որ ցանկացած փոփոխություն, հաղթանակ կամ պայքար համարում են սուտ, ուղղորդված ու ծախված։ Նման խոսակցություններն ավելի շատ վկայում են այն մասին, որ պայքարը ճիշտ ուղու վրա է, եւ չեմ կարծում, թե լուրջ ազդեցություն ունեն, քանի որ մարդկանց գնահատական են տալիս արած գործերով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30