«Ակնհայտ փորձում են շեղել եւ խեղաթյուրել ակտիվիստների վրա հարձակումների տրամաբանությունը: Ընդհանրապես, համեմատություն չկար Վարուժան Ավետիսյանի միջադեպի եւ մյուս ծեծերի միջեւ, բայց Ոստիկանությունը իր բացահայտումների շարքում այդ միջադեպը ներառելով փորձում է այն ու ակտիվիստների ծեծելու դեպքերը բերել նույն դաշտ: Այսինքն` ուզում են ցույց տալ, որ ակտիվիստների վրա հարձակումները նույնպես անձնական խնդիրների դաշտում են»,- ասաց ակտիվիստ Կարեն Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ Վարուժան Ավետիսյանի հետ միջադեպ ունեցած «Հայազն» կուսակցության անդամներից Արմեն Աղայանն ավելի վաղ հայտարարել էր, որ միջադեպը անձնական կոնֆլիկտից է ծագել ու քաղաքական դաշտում չէ: «Սա ուղղորդված քայլ է Ոստիկանության կողմից, ուզում են ցույց տալ, որ ակտիվիստների ծեծի դեպքերն էլ քաղաքական գործունեության հետ կապ չունեն: Հնարավոր է, որ այսկերպ ուզում են ցույց տալ նաեւ, որ ակտիվիստներին ծեծողները ակտիվիստներն են: Ոստիկանությունն ունի իր սցենարը, որն ուզում են առաջ տանել, իսկ դա իրական բացահայտումների հետ այդքան էլ կապ չունի»:
Կարեն Հարությունյանի խոսքերով, Ոստիկանապետի հրահանգից հետո՝ «գիշերը ցերեկ արեք, բայց բացահայտեք ծեծողներին» Ոստիկանությունը ցույց է տալիս, որ աշխատում են. «Իբրեւ թե նայեք մենք տակից էնքան գործ ենք արել, նայեք հայտնաբերել ենք: Բայց ոստիկանապետը չպետք է ասի, որ գործ անեն, հիմա էլ տեսնում ենք, որ փորձում են ինչ-որ բան անել, թե ում են հայտնաբերել կամ ինչքանով կապ ունեն իրական դեպքերի հետ, կտեսնենք»:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները, Կարենից նաեւ հետաքրքրվեցինք այս ընթացքում ծեծի ենթարկված ակտիվիստներին առերեսման, հարցաքննության կանչե՞լ են. «Առերեսումներ, իմ տեղեկություններով չեն եղել: Միգուցե փորձել են տարածքում ականատեսներ հայտնաբերել, բայց տուժողների հետ չեն խոսել, չեն էլ եկել ինչ-որ բան պարզել, օպերատիվ աշխատանքները չենք տեսել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև