Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետության բաճկոնը նրա հագովը չէ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին

Սեպտեմբեր 16,2013 19:31

iLur-ի խմբագրությունում շարունակում են հարցեր ստացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 7-ի ելույթի կապակցությամբ, որոնց հեռակա պատասխանում է ՀՀ առաջին նախագահը։

ՄՀԵՐ ՂԱԼԵՉՅԱՆ. Պարոն նախագահ, ի՞նչ կասեք համատարած այն պնդումների մասին, թե իբր Սերժ Սարգսյանը Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ։

– Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ։ Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, եւ ինքնըստինքյան հասկանալի է, որ նա առաջնորդվում է գերտերությունների խաղի կանոններով։ Ինձ ցույց տվեք որեւէ գերտերություն, որը ճնշումներ չի բանեցրել եւ այժմ էլ չի բանեցնում։ Էլ ի՞նչ գերտերություն, որ ճնշում չբանեցնի։ Մանավանդ որ, այդպիսի իրավունքով գերտերություններն օժտված են անգամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ։ Ուստի ինչո՞ւ պիտի Ռուսաստանը բացառություն լիներ տվյալ հարցում։ Ի՞նչ է, նա պիտի երաշխավորեր Հայաստանի անվտանգությունը, վերահսկեր Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը, տրանսֆերների միջոցով ապահովեր Հայաստանի համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը, ու դրա հետ մեկտեղ հանգիստ դիտեր, թե իր թիկունքում ինչպե՞ս է Սերժը Հայաստանը տանում դեպի Եվրոմիություն։ Այս ամենը նշելով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ նախագահ Պուտինն առանձնապես մեծ ճնշում է գործադրել Սերժի վրա։ Դրա կարիքը նա ամենեւին չուներ։ Բավական է միայն, որ նա Սերժին բացատրեր ընդամենը մի քանի հասարակ բան՝ ասելով մոտավորապես հետեւյալը. «Տղա ջան, ուզում ես գնալ դեպի Եվրոմիությո՞ւն։ Գնա՛։ Ձեռքիցդ բռնող չկա։ Միայն թե նկատի ունեցիր այս, այս, այս բաները»։ Իսկ եթե հարցնելու լինեք, թե ինչու այս հասարակ բաները նա հարկ համարեց բացատրել հիմա, եւ ոչ թե Եվրոմիության հետ Հայաստանի սիրախաղի խորանալուց առաջ, ապա ենթադրում եմ, որ Պուտինը մեզնից ավելի լավ կարծիքի է եղել Սերժի մասին՝ մտածելով, որ վերջինս առանց իր բացատրելու էլ այդ ամենը կհասկանա։ Երբ դա տեղի չի ունեցել, նա թողել է, որ Սերժը ոտքով-գլխով ընկղմվի իր արկածախնդրության մեջ եւ չոքեչոք գալով Մոսկվա՝ առավել նվաստացած վիճակում միանա Մաքսային միությանը, որպեսզի հետագայում էլ որեւէ պարտնյորական պարտավորություն չունենա նրա հանդեպ։ Ինչպես 2008թ. վրաց-ռուսական պատերազմի պարագայում, այս անգամ էլ կարող են ասել, որ Ռուսաստանի հակազդեցությունը համարժեք կամ համաչափ չէր։ Գերտերությունների հակազդեցությունը փոքր պետությունների գործողություններին երբեք համարժեք կամ համաչափ չի լինում։ Ինչպե՞ս կարող են գերծանր ու թեթեւագույն քաշի բռնցքամարտիկների հարվածները համարժեք կամ համաչափ լինել։ Եթե նրանք թեկուզ ընդամենը մեկական հարված փոխանակեն, գերծանրի հարվածը կարող է մահացու լինել։ Այստեղ գործում են ոչ թե մաթեմատիկայի, այլ ֆիզիկայի օրենքները։

ՀՈՎՍԵՓ ԿՈՒԲԱՏՅԱՆ. Պարոն նախագահ, Ձեր ելույթում Դուք նշել եք, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժը, եթե համարում է, որ իսկապես ճիշտ որոշում է կայացրել, պետք է անմիջապես դիմեր ժողովրդին ու ասեր՝ ես տարիներ շարունակ բանակցեցի Եվրոմիության եւ Ռուսաստանի հետ, ի վերջո եկա այն եզրակացության, ծանր ու թեթեւ անելուց հետո, բոլոր պլյուսներն ու մինուսները հաշվի առնելուց հետո, որ մեզ համար լավագույն տարբերակը Մաքսային միությունն է։ Եւ դա, իր կարծիքով, պետք է դիտվի որպես մեծագույն հաղթանակ, ու ժողովուրդը պետք է ցնծա, ինչպես ցնծում էին Բուլղարիան, Ռումինիան, Մերձբալթյան պետությունները, երբ նրանք միացան Եվրոմիությանը»։ Ինչո՞ւ Սերժը այդպես չվարվեց։

– Հարցը, թերեւս, ավելի հարմար է ուղղել հոգեբաններին, որովհետեւ այն վերաբերում է ավելի շուտ հոգեբանությանը, քան քաղաքականությանը։ Ինչեւէ, իմ կարծիքով՝ նա այդպես չվարվեց մի պարզ պատճառով. նրա ցնծությունը պարզապես կեղծ կլիներ, որովհետեւ հոգու խորքում Սերժը իրեն պարտված է զգում։ Ուզում էր ամուսնանալ Եվրոմիության հետ, բայց իր կամքին հակառակ՝ հայտնվեց Ռուսաստանի գրկում։ Նույնն, ի դեպ, տեղի էր ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պարագայում։ Ուզում էր ցեղասպանության ուրացման գնով բացել հայ-թուրքական սահմանը. ցեղասպանությունն ուրացավ, բայց սահմանն այդպես էլ չբացվեց։ Ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում իր երկու բախտորոշ նախաձեռնություններում էլ Սերժը չարաչար պարտվել է։ Ի՞նչ է, պետք է սպասել, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում էլ պարտվի, որպեսզի մեր հասարակությունը վերջապես խելքի՞ գա։ Եթե Սերժի մեջ ամոթի, խղճի կամ պետության ճակատագրի հանդեպ պատասխանատվության թեկուզ մի փոքրիկ նշույլ դեռ մնացել է, նա պետք է օր առաջ ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա։ Պետության բաճկոնը նրա հագովը չէ։

 

Մանրամասն կարող եք կարդալ՝ ilur.am կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Ցավալին այն է,որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում այն մասին,թե ինչպես Սերժ Սարգսյան մարդուն ինչ արժանիքի համար առաջ քաշվեց որպես ԱԱ և Ներքին գործերի նախարար:ՍՍ ավարտելով ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը ,մի հայեցի ու գրագետ բաժակաճառ չի կարողանում ասել:«Ես ուզում եմ կենաց ասել,իսկ կենաց ասում են բաժակով և նստած տեղից»,ահա պարոն ՍՍ- ի «մարգեությունից»,որն ասել է բազմազան ու բազմապիսի քեֆերից մեկի ժամանակ:Թող ԼՏՊ առաջինն իրենը մեղադրի,որ մարդ,որի մենթալիտետը ձգտում է մինուս անսահմանության մեզ բոլորիս խայտառակեց ամբողջ աշխարհով մեկ ,համակարգից չհեռացրեց:ԼՏՊ -ն ինչ ցանեց այն էլ հնձում ենք:

  2. Drain says:

    Առաջին անուղղելի սխալը եղել է Լևոնի հրաժարականը:
    2-ը ազգային կարճատեսությունը,
    3-ը խելագարին իշխանության բերելը
    4-ը `քթից ուղեղ պահանջելը,
    5-ը`ազգովի խելագարի վառած լուցկով վառվելը:

  3. Samvel Jeshmaridian, PhD says:

    Viva the Great Armenian Nation! Gachagh illegal president kaput!

  4. ԼՏՊ-ի մեկնաբանությունը շատ դիպուկ է,բայց արդեն ուշացած;

  5. Համլետ says:

    Աննա,Դուք համաձայն չե՞ք իմ գնահատականերին…Ես իմ մեկնաբանության մեջ օգտագործել եմ ԼՊՏ-ի ու պատմական հանրահայտ քաղաքական գործիչների տերմինոլոգիան…

  6. Համլետ says:

    Աննա ջան,ես ուղղակի իրերն անվանել եմ իրենց իսկական անուններով…Վիրավորում են մարդուն…:)

  7. Maxim says:

    Խոսում են մի մարդու մասին, որը երկրի ներսում թալանն ու կոռուպցիան խրախուսելով՝ պետք է
    մտածի նաև ԵՄ-ն մասին: Ինչպես և իր նախորդը՝, ս.ս.-ը երբեք դուրս չի կարող գալ իր հետամնաց, գավառական, կիսագրագետ մտածելակերպից: Նայեք, ովքե՞ր են նրան շրջապատում, ի՞նչ մտավոր և բարոյական պոտենցիալ ունեն նրանք, մի՞ թե՛ բավարար չէ վերջնական եզրակացություն անելու:
    Վերջին տասնամյակում կա՞ մի բնագավառ, որտեղ մի նորարարություն արված լինի, ե՞րբ տեսանք,
    որ նախագահ կոչվածները նստեն գիտական պոտենցիալ կազմող մարդկանց հետ, առանց ձևական
    օրակարգի, այլ մտահոգ և շահագռգիռ քննարկեն մի որևէ ծրագիր: Ինձ համար զարմանալի չի լինի
    միայն, երբ գործող նախագահը իր բնագավառում կատարի երկու նորարարություն, որից առաջինը՝
    երբ կենաց ասելուց, ոչ թե կանգնած, կամ նստած,՝ այլ պառկած, իսկ բաժակը, ոչ թե ձեռքին ,այլ ճակատին դրած: Իսկ երկրորդն էլ,՝ որ իր մշակույթի նախարարությունով մշակեն մի նոր պար, որը
    պարունակի իր բոլոր պարերի՝ շալլախոյի, տրնգիի, թարաքյամիի էլեմենտները, իր սիրելի ուզունդարա պարի մեջ և պարի մինչև ուշաթափվելը: Ավելին պետք չի սպասել:

  8. Ruben says:

    Լեւոն կորցրեց ավիահորիզոնը երբ նրան թագադրեցին, նստեցրին նախագահական քարաձիգին (catapult) եւ բուռը տվին կառավարության ղեկը:

  9. Ruben says:

    Զարմանալի չէ՞, որ Լեւոնի ժառանգները (Քոչարյանը, Սարգսյանը) ծպտուն չեն հանում, որ լուռ լսում են ծնողի «հայհոյանքները»:

  10. Ara says:

    Պետք է կասեցնել Հայաստանի մաքսատան վաճարքը Մաքսային միությանը: Չի վաճարվում և վերջ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30