Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հանձն առնեն Գանձասարի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը». Մկրտիչ Մինասյան

Սեպտեմբեր 16,2013 17:36

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այս տարի օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունը և առանց համապատասխան նախագծի և մասնագիտական քննարկման այն ձևափոխելու անթույլատրելիությունը: Մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել սալիկապատման գործընթացի նկատմամբ պատկան մարմինների ոչ համարժեք գնահատականի և քայլերի վերաբերյալ:
Մեզ հետ զրույցում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ նմանատիպ կառույցների միջամտության ժամանակ շատ զգույշ պետք է լինել. «Կա հին պարիսպը, բայց երբ այն երեսպատվում է այսօրվա ժամանակակից սալիկներով` 2-3 սմ հաստությամբ, ապա այն որքան էլ գեղեցիկ լինի, որքան էլ նպատակահարմար լինի, ինչպես հաճախ ասում են, բայց մեծ սխալ է, որովհետեւ նախ եւ առաջ խեղաթյուրվում է ինքը հուշարձանը` կորցնելով իր վաղեմության դրոշմներից մեկը»,-ասաց ճարտարապետը` հավելելով, որ այնտեղ եկող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անմիջապես կնկատի, որ կատարվել է անտրամաբանական բան:
Ըստ ենթահանձնաժողովի` վերջին «վերանորոգման» ժամանակ աղավաղվել է պարսպի թե´ որակը, թե´տեսքը, թե´ միջնադարյան ճարտարապետական կառուցվածքը, դրանով իսկ աղավաղվել ու կեղծվել է վանքային համալիրի ամբողջականության պատմությունը, որոնք փաստեր են, և որի մասին հայ մտավորականությունը ներկայացրել է «Բաց նամակում»:
Քանի որ 350 ստորագրությամբ նամակն ուղղված է ՀՀ և ԼՂՀ նախագահներին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին` հաշվի առնելով իրավիճակի լրջությունն ու խնդրի անհապաղ լուծման կարևորությունը, ապա նամակի պատասխանն էլ ենթահանձնաժողովն ակնկալում է ստանալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Նամակին համարժեք չարձագանքելու դեպքում, ճարտարապետը նշեց, որ այսօր այնքան գերատեսչություններ եւ ուժային կառույցներ ունենք, որ իրենց գործունեության սկզբունքն է նման խնդիրների դեպքում միջոցներ ձեռք առնելը, իսկ իրենք պարզապես տեղեկացնում են հանրությանը, որ կա նաեւ այսպիսի խնդիր. «Մեր ձեռքում որեւէ լծակներ չկան. մենք պարզապես խնդրի մասին բարձրաձայնում ենք եւ ասում, որ նման բան անել չի կարելի»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30