Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Կամ նոյեմբերին, կամ ավելի ուշ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև կստորագրվի միջանկյալ մի փաստաթուղթ»

Սեպտեմբեր 16,2013 16:52

«Այդ հայտարարությունները որոշակի զսպողական նշանակություն ունեն, ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում մենք ստորագրելու ենք Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ նրանք չէին կարող լռել, չէին էլ կարող գովել: Ելնելով իրենց խնդիրներից եւ հաշվի առնելով իրենց օգնությունն ու արդեն կատարած ծախսերը՝ ստորագրումը տեղի կունենա»,-սեպտեմբերի 5-ին այսպիսի կանխատեսում էր արել Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: 

Այս հայտարարությունից չորս օր անց ԵՀ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ՝ բացառելով ՀՀ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը. «Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել»:

Aravot.am-ը Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց՝ այս հայտարարությունից հետո է՞լ է նույն կարծիքին, թե ՀՀ-ն կստորագրի նաև Ասոցացման համաձայնագիրը: Պարոն Մակարյանը պատասխանեց. «Խնդիրը ժամանակի մեջ է: Եթե նոյեմբերին չստորագրվի, կարող է մի քիչ ուշ ստորագրվի: Կարծում եմ՝ Եվրամիությունը պիտի քարը փեշից գցի, մանավանդ, որ ոչ ՀՀ-ն, ոչ ՌԴ-ն չեն հայտարարել, թե իրենք պայմանագիրը քաղաքական նպատակներով են ստորագրել, և մեր ղեկավարությունը երբեք չի հայտարարել, որ ՌԴ-ի ճնշումների տակ է ստորագրել: Եվրոպան է ասում, որ Արևելյան գործընկերության երկրները գտնվում են ՌԴ-ի ճնշման տակ և այն օրինակները, որ բերում են՝ իրենք վերցրել են ՀՀ-ի, Մոլդովայի և այլ դեպքեր ընդհանրացնելով: Եթե իրենք են ասում և իրենք ճիշտ են համարում իրենց ասածը, ապա ՌԴ-ի ճնշումները թուլացնելու մեթոդը հենց այդ պայմանագրի ստորագրումն է: Այդպիսով Եվրոպան կկոտրի այն հեգեմոնիան, որ այսօր ՌԴ-ն փորձում է ստեղծել»:

Վերլուծելով Եվրոպայի վարած քաղաքականությունը՝ պարոն Մակարյանն ասաց. «Գուցեև ՌԴ-ն օգտվեց նրանից, որ Եվրոպան անընդհատ ասաց, թե Մաքսային միությանը միանալը հակասում է մյուս համաձայնագրին: Սրանով ինքը լեզու դրեց և գործիք տվեց Ռուսաստանի ձեռքը: ՌԴ-ն գուցե և վարպետորեն օգտվեց այդ հնարավորությունից, փչացնելու այդ ամբողջը: Դա կարող է նաև վտանգավոր զարգացում ունենալ, եթե Եվրոպան չփորձի կանխարգելել»:

Անդրադառնալով Ֆյուլեի հայտարարություններին՝ պարոն Մակարյանն ասաց. «Դուք մի կարծեք, որ Եվրոպայի ամբողջ նպատակը և ջանքերը միայն քաղաքական մասով են: Իրեն շատ հետաքրքրում է տնտեսական մասը, նա կրկնակի շահելու հնարավորություն ունի. նախ որ ՌԴ-ն իր ազդեցության ոլորտից հանի երեք արևելյան երկրներ, գումարած Կովկասի երկրներ, հետո ինքը հարյուր երեսուն միլիոնանոց շուկային կտիրի՝ ունենալով մրցունակ արտադրանք: Ֆյուլեն այդպես պիտի ասի, դեռ կշարունակի խիստ ասել, որ մյուս երկրների վրա խիստ ազդեցություն թողնի, որ նրանց հետ էլ նման բան տեղի չունենա: Բայց նաև ներքուստ պիտի մտածի լուծումներ՝ չկորցնելու իր ծախսած փողերի, ջանքերի, տարիների աշխատանքի պտուղները»:
Մեր հստակեցմանը՝պարոն Մակարյանը կանխատեսում է, որ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև փաստաթո՞ւղթ կստորագրվի, նա պատասխանեց. «Կամ նոյեմբերին կստորագրվի միջանկյալ մի բան, կամ ավելի ուշ: Դրանով Եվրոպան թող մտնի մրցակցության մեջ Մաքսային միության գաղափարի հետ: Վերջին հաշվով, երբ ԵՄ-ն 2010-ին սկսեց ակտիվացնել արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի հարցը, գիտեր, որ Դուշամբեում Բելառուսի, ՌԴ-ի և Ղազախստանի միջև ստորագրվել էր պայմանագիր Մաքսային միություն ձևավորելու համար և ՌԴ-ն շարունակելու է աշխատանքներ տանել այղ երկրների հետ: Սակայն այդ պարագայում էլ Եվրոպան ոչ մի լուծում չտվեց: Քաղաքական և դիվանագիտական առումով քայլեր չարեց, չմտածեց նաև, որ ինքը ՌԴ-ին նեղացրել է: Ի վերջո այնպես չէ, որ ՌԴ-ն Մաքսային միության գաղափարը զարգացրեց 2010-2011-ին, նա դեռ 2007-ից է դա նախաձեռնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30