Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Գիտեմ Հայրիկյանի վարքը, վարկանիշը, սարսափելի վախենալու բան է»

Սեպտեմբեր 16,2013 16:31

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասել էր, որ կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե Մաքսային միություն մտնելու նրա հայտարարությունն ի կատար ածվի:  Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ա՜յ դա սարսափելի վախենալու բան է»:

Հասկանալով հեգնանքը՝ փորձեցինք ճշտել՝ Հայրիկյանից չե՞ք վախենում, նրա ասածների հետ հաշվի չե՞ք նստում, անկախության խորհրդանիշն է՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես Հայրիկյանին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ իր նկատառումները, մոտեցումները, գիտեմ իր վարքը, վարկանիշը, այնպես որ չեմ ուզում տարօրինակ վերլուծությունների ենթարկեմ՝ հենց այդ պատճառով»:
Մեր հարցին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ պարբերաբար ասում է, որ Սերժ Սարգսյանը 5 տարին չի բոլորելու, դրա համար հիմքեր կա՞ն՝ նա պատասխանեց. «Ինքը արդեն այն, ինչը ժողովուրդը իրեն տվեց, արհամարհեց, գցեց մի կողմ: Դրանից հետո ինչ էլ հայտարարի, ոչինչ չի կարող կանխորոշիչ լինել»:
Արդեն որերորդ անգամ է՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով տարբեր կազմակերպություններ եւ քաղաքացիներ են դիմում ՀՀԿ-ական պատգամավորների հետ կապված՝ Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի, Հայկ Բաբուխանյանի: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են դիմումները հենց ՀՀԿ խմբակցության հետ կապված: Նա պատասխանեց. «Ես ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականների դեմ դիմում գրում, ինչո՞ւ են մամուլում, ԶԼՄ-ներում կտտահարում ՀՀԿ-ականին, թիրախներ որոնում: Իշխանական կուսակցություն է եւ խոցող կողմերը շատ պիտի լինեն»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն հանիրավի՞ են մեղադրում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե: Շատ դեպքերում, երբ դիմում են, չեն էլ իմանում այդ էթիկայի հանձնաժողովի օրենքն ինչ շրջանակներում է գործում կամ ինչպես պիտի լինի: Մենք գիտեինք, որ այդպես էլ պիտի լինի: Մենք ենք իշխող կուսակցությունը, մեզանից պիտի պահանջեն, եւ բնական է, որ մեզ պիտի թիրախ դարձնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30