Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղացիները դժվարությամբ են համոզվում` մտնել կոոպերացիաների մեջ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2013 15:47

Գյուղացիներին թվում է, թե կոոպերատիվները նույն կոլխոզ-սովխոզներն են

Այսօր 186 հազար գյուղացիական տնտեսությունների համար անասնապահությունն ապրուստի հիմնական միջոցն է: Այդ համայնքների բնակիչները հատկապես խոցելի են, քանի որ հաճախ ստիպված են լինում հիմնվել բնատնտեսության վրա: Այսօր գյուղատնտեսության նախարարության մամուլի սրահում այսպիսի տվյալներ ներկայացրեց նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսները կառավարելու եւ մրցունակությունը
բարձրացնելու համար Համաշխարհային բանկը 16 միլիոն դոլար է հատկացրել, որն ըստ պարոն Խաչատրյանի, հիմնականում ուղղվելու է անասնապահության զարգացմանը, մասնավորապես` անասունների արհեստական սերմնավորմանը:
Տեղական ու միջազգային փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անասնապահությունը լիարժեք չի օգտագործում իր զարգացման հնարավորությունները, մասնավորապես արոտների հիմնական մասը` հեռագնա արոտները թերօգտագործված են, այն դեպքում, երբ գյուղամերձ արոտները գերօգտագործվում են ու կորցնում արտադրողականությունը:
ԾԻԳ-ի ղեկավարի համոզմամբ, գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը եւ եկամուտների աճին էականորեն կարող է նպաստել կոոպերացիայի զարգացումը: Ըստ նրա, գյուղացիներին բարդ է համոզելը, որ մտնեն կոոպերատիվների մեջ, քանի որ մտածում են, թե վերադառնում են կոլխոզներին, եւ անկախ այն բանից՝ որքան կաշխատեն` եկամուտը բաշխվելու է հավասարաչափ:
«Օրերով բացատրում ենք, գյուղացին էլ երաշխիքներ է ուզում»,-ասաց պարոն Խաչատրյանը:
Ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի համայնքներում: Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ, 6 մարզից երեքում կստեղծվեն անասնաբուժական կենտրոններ, որոնք կաջակցեն բոլոր ֆերմերային տնտեսություններին արհեստական սերմնավորմամբ, ինչն, ըստ նրա, այսօր մեծ պահանջարկ ունի:
Հարցին, թե գյուղացին այսօր կաթի եւ առհասարակ արտադրանքի իրացման խնդիր ունի, պարոն Խաչատրյանը նկատեց. «Համայնքը միասնական հանդես չի գալիս, որպես կաթ արտադրող եւ այս խնդիրն է, որը մենք ուզում ենք ծրագրի շարունակության ընթացքում քննարկել: Մենք մտածում ենք ստեղծել կաթ արտադրողների միավորումներ: Դա կարող է լինել համայնքի կոոպերատիվի շրջանակներում, դա կարող է լինել միջհամայնքային, ինչու չէ՝ նաեւ շրջանային մակարդակի»:

Այն հարցին էլ, թե կոոպերացիաների մասին օրենք չկա, նրանց ինչ հարկային դաշտ է սպասվում եւ ինչպես է գյուղացին պաշտպանված, պարոն Խաչատրյանն ասաց, որ իրավունքներն ու պարտականություններն ամրագրված են լինելու պայմանագրերով: 

Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

ԾԻԳ-ի տնօրենը համոզված է, որ գյուղում ունեւոր է այն մարդը, ով աշխատասեր է. «Բոլոր գյուղացիների մեկնարկային պայմանները նույնն է եղել, 2 կով, մեկ հեկտար տարածք եւ այլն, բայց այսօր այդ նույն մարդիկ մի մասը մնացել է այդպես կամ նույնիսկ զրկվել է դրանից էլ, մյուսը ունի 50 գլուխ կով, 50 հեկտար հող, այսինքն` բարեկեցիկ ապրելու համար գյուղում մարդը պետք է լինի աշխատասեր»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30