«Ռուսաստանը «կամ-կամ»-ի խնդիր չի դնում: Դեռեւս մեկ տարի առաջ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանը, երբ հայտարարեց, որ «անհնար է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի եւ խորը ու համապարփակ գոտու համաձայնագրին միանալը, մյուս կողմից՝ միաժամանակ Եվրասիական միության մաս կազմելը կամ Մաքսային միությանը միանալը», Ռուսաստանից արձագանքեցին, որ կարող է լինել «եւ-եւ», դեմ չեն «եւ-եւ»-ին։ Այսինքն՝ Արեւմուտքն է ավելի շատ դնում ընտրության հարց: Դե, մենք միշտ սովոր ենք, չէ՞, որ ռուսներն են մեզ ճնշում, անհեթեթ պահանջներ դնում մեր առջեւ, բայց այս դեպքում ստացվում է, որ ավելի շատ Արեւմուտքն է ճնշում՝ «կամ-կամ»-ի պարագայում, այսինքն՝ Արեւմուտքն է դնում պայմանը, եւ հասկանալի է, թե ինչու, որովհետեւ դա կարող է նախադեպ դառնալ իրենց համար, որովհետեւ մինչ այժմ չկա «եւ-եւ» իրենց համար»,-Aravot.am-ի այն հարցին՝ իսկ եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, պաշտոնապես հայտարարի եւ դնի «կամ-կամ»-ի խնդիր Հայաստանի առջեւ, օգոստոսի 27-ին այսպես էր արձագանքել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Aravot.am-ը պարոն Քոչարյանից հետաքրքրվեց` վերոնշյալ մարդկանց հայտարարությունների՞, թե՞այլ հաշվարկների հիման վրա էր Կարեն Քոչարյանը Արևմուտքի կողմից ճնշումների մասին խոսում, մանավանդ, որ այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը՝ լրատվամիջոցները և համացանցը ողողվեցին տարբեր վերլուծաբանների, քաղաքական գործիչների հայտարարություններով, թե ՌԴ-ն ՀՀ-ի վրա ճնշում է գործադրել:
Կարեն Քոչարյանն ի պատասխան մեր հարցի նշեց, որ «ինքը կանխատեսում չի անում, այլ փաստեր էր համադրել» ու պարզաբանեց. «Ես ասել ու հիմա էլ ասում եմ, որ ժամանակին ՌԴ ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենք դեմ չեն «և-և»-ին, իսկ Գերմանիայի ԱԳ նախարարը կամ Եվրամիության բավականին բարձրաստիճան չինովնիկներն ասել են, որ չի կարող լինել «և-և»: Ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա միշտ սիրել եմ հաշվարկներ անել, քանի որ մասնագիտությամբ ինժեներ եմ: Բայց տվյալ պահին հաշվարկներ անել քաղաքականության մեջ, այն էլ հայկական, ամենաանշնորհակալ գործն է: Ես նորից եմ կրկնում, ես ոչ մի բան չեմ կանխատեսել, ես ընդամենը փաստեր եմ բերել»:
Մեր հարցին, այն որ պարոն Քոչարյանը նշել է, թե «միշտ սովոր ենք, չէ՞, որ ռուսներն են մեզ ճնշում, անհեթեթ պահանջներ դնում մեր առջեւ, բայց այս դեպքում ստացվում է, որ ավելի շատ Արեւմուտքն է ճնշում «կամ-կամ»-ի պարագայում» ու այս հայտարարությունից մեկ շաբաթ հետո ՀՀ նախագահի ընդունած որոշումը և դրան հաջորդած մեկնաբանությունները, թե «որոշումն ընդունվել է ՌԴ-ի ճնշման ներքո», չե՞ն վտանգում իր՝ քաղտենխոլոգի վարկանիշը, պարոն Քոչարյանն այսպես պատասխանեց. «Վարկանիշի խնդիր չեմ տեսնում: Լինելով հեռուստատեսության բնագավառի մարդ՝ այդ բառն ինձ վրա արդեն ազդում է: Ընդհակառակը, ես վերջին մեկ ամիս ու կեսն ասել եմ, որ մերոնք կստորագրեն Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կստորագրվի՞ արդյոք Ասոցացման համաձայնագիրը՝ հաշվի առնելով նաև Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, թե «Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել», պարոն Քոչարյանը պատասխանեց.«Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում անպայման Եվրոպայի հետ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՝ ես գրեթե 99 տոկոսով համոզված եմ, քանի որ Եվրոպան երբեք ձեռք չի քաշելու Հայաստանից, ինչքան էլ ձև տան, թե նեղացած են Հայաստանից, վիրավորված: Նույն Ֆյուլեին, քանի որ ինքն է Եվրոպայի կողմից եղել բանակցություններին ներկայացուցիչը, իրեն էլ ձեռք չի տալիս, որ գործընթացը ձախողվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ