Օրերս Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության 42 անդամներ ընդվզեցին միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի դեմ՝ պահանջելով արտահերթ համագումար հրավիրել եւ միության Դիլիջանի տունը անվանակոչել Էդվարդ Միրզոյանի այնունով: Նրանք փաստւմ են, որ
վերջին համագումարը տեղի է ունեցել 4.5 տարի առաջ, այնինչ ըստ կանոնադրության՝ պետք է 2 տարին մեկ կազմակերպվեր, հետեւաբար լեգիտիմ չէ նախագահը, քանի որ նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է:
Aravot.am-ը անվանի կոմպոզիտոր Յուրի Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչ է մտածում ոչ ստեղծագործական կրքերի մասին:
«Երբ բոլոր ստեղծագործական միությունները ենթակա դարձան ընդհանուր ՀԿ-ների մասին նոր օրենքին, հավասարվեցին ծկնորսների, կոշկակարների հ/կ-ներին: Դա սխալ օրենք է, ինչի դեմ միությունները պայքարում են: Ի դեպ, ոչ մի ստեղծագործական միություն, ըստ այդ օրենքի, վերջին երկու տարվա մեջ համագումար չեն անցկացրել, այդ թվում՝ Գրողների միությունը, կինեմատոգրաֆիստներինը, նկարիչներինը, ժուռնալիստներինը: Չորս տարվա երկու-երեք տարին մենք պայքարում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի գոնե ստեղծագործական միությունների վերաբերյալ օրենքում փոփոխություն մտնի եւ ասում են, որ աշնանը հարցը դրվելու է ԱԺ-ում ու լուծվելու է: Հիմա ինչ, բոլոր ստեղծագործական միությունների վարչություններն ու նախագահները լեգիտիմ են, կոմպոզիտորներինը՝ ո՞չ»,-ասաց կոմպոզիտորը:
Նրա ձեւակերպմամբ, Կոմպոզիտորների միության վերջին 3-4 տարվա ընթացքը եղել է նորմալ աշխատանքային, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, ահագին նոտա է տպագրվել, այդ ամենին զուգահեռ պայքար է գնացել՝ օրենքը փոփոխելու համար. «Կարծում եմ՝ դա այնպիսի բան չի, որ պետք է ուռեցնել ու բամբասանքների մակարդակով քաղաքով մեկ տարածել»: Մեր դիտարկմանը, որ թե 42 անդամ դժգոհ է միությունից, Յուրի Հարությունյանը պատասխանեց. «Այդ թիվը 42 չէ, ավելի քիչ է: Նախ մեկը երկու տեղ է ստորագրել, երկու հոգին իմ ներկայությամբ հրաժարվել են իրենց ստորագրություններից, որովհետեւ ցուցակը, որի մեջ ազգանուններն են գրված ստորագրություններով, առանձին է, իսկ մարդկանց դեմ են տվել լրիվ այլ բովանդակության նամակ: Նամակները տարբեր են եղել՝ մեկը արտահերթ համագումարի պահանջ էր, մյուսը՝ Դիլիջանի տունը Միրզոյանի անունով կոչելու …Ում ոնց ասես համոզել են, ստորագրել տվել»:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե միությունն այնքան «թափանցիկ» է աշխատում, որ բոլոր թղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելու պատասխան են ստացել, թե համագումարը կարող են անցկացնել ողջամիտ ժամկետներում:
Կոմպոզիտորի ասելով, գումար որեւէ տեղից չեն ստանում, իսկ եթե նախարարությունը հատկացնում է կոնկրետ ծրագրի կամ համերգաշարի իրականացման համար, կոպեկ առ կոպեկ հաշվետվություն են ներկայացնում. «Եթե Ամիրխանյանի շնորհքը չլինի, մենք դա էլ չենք ունենա, որովհետեւ Ամիրխանյանի անունը դռներ է բացում, մարդիկ ընդառաջում են: Բագրատյանի օրվանից, ինչ միությունները բյուջեից հանվեցին, ողորմելի վիճակում ենք հայտնվել»:
Յուրի Հարությունյանը համոզված է, որ Լեւոն Չաուշյանի, Արամ Սաթյանի եւ մյուսների՝ Ռոբերտ Ամիրխանյանից դժգոհությունը զուտ անձնական բնույթի է. «Առաջվա համագումարին էլ Լեւոն Չաուշյանը, Արիկը Սաթյան, որ մեզ ընկեր տղերք են, ու մինչ օրս էլ միմյանց բարեւում ու ողջագուրվում ենք, դեմ էին Ամիրխանյանին, երեսունից ավելի մարդ ոտքի հանեցին: Գուցե խա՞նդ է, կամ մի ուրիշ բան, բայց ամեն դեպքում պետք է օբյեկտիվ լինել, տեսնել՝ մենք բացի Տիգրան Մանսուրյանից ու Ռոբերտ Ամիրխանյանից, անձեռնմխելի կոմպոզիտորներ չունենք, որոնց հետ պետությունը հաշվի է նստում: Այդ տղերքի վերաբերմունքը կոնկրետ Ամիրխանյանի հանդեպ ինձ դուր չի գալիս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ