Լրահոս
Օրվա լրահոսը

Որսորդական հրացանով ընկերոջ վրա դիտավորյալ չի կրակել

Սեպտեմբեր 16,2013 14:36

«Զարկերակ» մամուլի ակումբի հյուրը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանն այսօր ներկայացրեց իր պաշտպանյալի՝ Կարեն Անանյանի գործը:

Կարեն Անանյանը 2011թ. օգոստոսի 31-ին տեղեկանալով, որ երրորդ երեխան է ունենալու, նշել է՝ օգտագործել ոգելից խմիչք: Ապա, ըստ փաստաբանի, Կարենը ցանկացել է գնալ որսի, այդ նպատակով իր մեքենայի մեջ է տեղավորել որսորդական հրացանը, զանգել մտերիմ ընկերոջը՝ դստեր քավորին՝ Արսեն Պապոյանին:
Վերջինս հայտնել է, որ գտնվում է բիլիարդանոցում: Հանդիպել են, Կարենն ասել է ուրախալի լուրը, ապա հայտնել որսի գնալու իր մտադրության մասին: Նա մեքենայից հանել է որսորդական հրացանը, որն անզգույշ կրակել է:
Արսենին Կարենի եղբայրն իր մեքենայով տարել է հիվանդանոց, մի քանի օրից տուժողը հիվանդանոցից դուրս է գրվել:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել Կարենին, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ՝ դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատավճիը:
Պատասխանելով մեր հարցին, փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ բողոք է բերել ՀՀ վճռաբեկ դատարան, որտեղից ինչպես վարույթ ընդունելու, այնպես էլ դատական քննության օրվա նշանակման մասին դեռ պատասխան չկա:
Մեր հարցին, թե արդյո՞ք իր պաշտպանյալի խափանման միջոցի հետ կապված որեւէ միջնորդություն արվել է, փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ Կարենի ընտանիքն առաջարկել է գրավ իրենց 25 միլիոն դրամ արժողության բնակարանը, որը դատարանի կողմից նույնպես մերժվել է: Անապահով կալանավորի ընտանիքին պետբյուջեից օրենքով սահմանված կարգով օգնելու միջնորդությանն էլ դատարանը պատասխանել է՝ ծնողներին տարեք ծերանոց:
Ըստ բանախոսի, դատարանը մերժել է մի շարք միջնորդություններ, եւ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակված:
Մասնավորապես, դատարան է եկել դատաձգաբանը, որը հայտնել է, որ հրացանի փողը չէր կարող ուղղված լինել տուժողի ուղղությամբ: Իսկ մարմնական վնասվածքն էլ գնահատվել է ծանր՝ կյանքին սպառնացող, եւ այն կապված էր պլեւրալ խոռոչում առկա արյան հետ:
Ըստ պաշտպանի, Կարեն Անանյանն ու Արսեն Պապոյանը ունեին ընկերական ջերմ հարաբերություններ, մինչ օրս էլ Կարենի խնամքից դուրս մնացած առաջին կարգի հաշմանդամ քրոջը, երրորդ կարգի հաշմանդամ մորը, երեք երեխաներին օգնում է տուժողը: Դատարանները շարժառիթի մասով որեւէ քննություն չեն տարել, Կարենը, ըստ պաշտպանական կողմի, որեւէ դիտավորություն կամ պատճառ չէր կարող ունենալ, որպեսզի վնասեր իր մտերիմ ընկերոջը:
Հաջորդ բանախոսը իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն էր, որն ասաց, որ գործել է մասնավոր պատվերը: Ավելի հստակեցնելով ասվածը՝ Խ. Մարոզյանն ասաց, որ մեղադրանքի կողմի պատվերն է գործել:
«Մենք շատ հեռու ենք արդարադատությունից: Գործել է մասնավոր պատվերը:
Երբ անմեղ մարդկանց դատապարտում են, սոցիալական արդարության մասին խոսելն անիմաստ է դառնում: Կարենի ի՞նչը պիտի ուղղի ուղղիչ հիմնարկը».,-հարցրեց Խ. Մարոզյանը:
Հասարակական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ գործերով օգնել դատապաշտպաններին, հարգելով իրավաբանական էթիկայի կանոնները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30