ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ չբացառեց Մաքսային միությունից հրաժարվելու փաստը. «Հրաժարականներ միշտ էլ լինում են եւ հնարավոր են»,- նշեց նա, ավելացնելով այսօր ընդդիմադիր դաշտը պահանջում է հրաժարականներ, սկսած Սերժ Սարգսյանի հրաժարականից:
«Հայաստանում հրաժարականներ կլինեն ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է այդպես ուզում, այլ այն, որ այսօր իշխանության տնտեսական գծի փոփոխություն է տեղի ունենում»,- ավելացրեց նա:
Ասոցացման համաձայնագրի հետ կապված`Հովհաննես Իգիթյանը ասաց, որ ԵՄ-ն ցանկացած երկրի հետ աշխատում է ունենալ հարաբերություններ ու պայմանագիր. «Այս համաձայնագիրը կարող է լինել նույնիսկ աֆրիկյան մի պետության հետ, որտեղ մարդկանց են ուտում: Հայաստանի հետ Ասոցացման պայմանագիրն ամենաբարձրն էր տնտեսական դաշտի համար: Այսօր նայեք, թե ով է խոսում ապրանքների մասին, նույնիսկ այն օլիգարխները, որ ապրանք են արտահանում՝ կարողացել են իրենց սերտիֆիկատը ուղարկել Եվրոպա: Բայց խոսքը մեր արտադրանքի մասին չէ, ես չգիտեմ, թե ինչու են մեր իշխանավորներն այդպես խոսում, բայց խոսքն այն մասին է, որ այն, ինչ արտադրում են Եվրոպայում, ճիշտ հաշվարկի դեպքում ներդնողը կարտահանի նաեւ Հայաստանում»:
Անդրադառնալով Հայաստանի քաղաքական աշնանը, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ընդդիմության շարքերում վերադասավորումներ կլինեն: Դուք նայեք այն զգուշավոր հայտարարությունները, որոնք համաձայն են Սերժ Սարգսյանի հետ, բայց ասում են, եթե մենք լինեինք, այ այսպես կվարվեինք, սրանք մանրուքներ են, որոնց վրա քաղաքական գիծ պահելն անիմաստ է: Ցանկացած երկրի անվտանգություն ապահովում է տվյալ երկիրը, անվտանգությունը եւ երկրի անվտանգություն կապել մեկ մարդու հետ լավ լինելով` սխալ է: Ասել, թե Սերժ Սարգսյանը լավ է Վլադիմիր Պուտինի հետ, ուրեմն լավ է` շատ սխալ է, որովհետեւ Վլադիմիր Պուտինն էլ կարող է փոխվել, Սերժ Սարգսյանն էլ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ