Այսօր «Հայացք» ակումբում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը խոսեց Մաքսային միության անդամակցության դրական եւ բացասական կողմերի մասին:
«Գնալով դեպի 2014 թվականի մայիս ամիսը, նոր հանգամանքներ կհայտնվեն: Ի վերջո այս հարցի պատասխանը չեղավ, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին եւ ինչու: Այս հարցի պատասխանը միայն Սերժ Սարգսյանը կարող է տալ, բայց նա էլ լռում է: Թե ինչ խոսեց Պուտինի հետ, թե Պուտինն ինչով սպառնաց Սերժ Սարգսյանին`անհայտ է:
Ինձ համար Մաքսային միության անդամակցելը կորցրած հնարավորություն է»,-ասաց պրն Իգիթյանը՝ նշելով, որ մտնելով Մաքսային միություն՝ Հայաստանը կորցնում է խորը եւ համապարփակ առևտրի գոտի մտնելու հնարավորությունը:
Ըստ Հովհաննես Իգիթյանի`Մաքսային միությունը մի գոտի է, որի ներսում մաքսային խոչընդոտներ չկան եւ գոյություն ունի ընդհանուր սահման:
«Ես չեմ խոսում Հայաստանի համբավի մասին, որը մենք կորցրել ենք, մեզ խղճում են, թե ինչ թույլ ենք, որ Ռուսաստանը մեզ ճնշել է: Ռուսաստանը չակերտներում մեզ հրավիրել է Մաքսային միությանն անդամակցելու»,- ասաց պրն Իգիթյանը՝ ավելացնելով այն վարկածը, թե գուցե ԼՂՀ անվտանգության հարց է քննարկվել Պուտինի հետ, դրա համար էլ միացել ենք Մաքսային միությանը:
Ամեն դեպքում, Հովհաննես Իգիթյանը վստահեցրեց, որ միայն Վլադիմիր Պուտինը կարող է ասել՝ մեզ վրա ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ. «Գուցե մեր խորամանկությունն է ցույց տալ, թե մեզ ճնշել են: Բայց ճնշումը չեզոքացնելու մի ձեւ կա, դու պետք է լինես միջազգային ֆակտոր, այսինքն՝ քեզ պետք է հաշվի առնեն, չարհամարհեն»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Հայաստանի համբավին, ապա, պրն Իգիթյանի խոսքով մենք առնվազն համարվում ենք անվստահելի գործընկեր եւ, եթե Վիլնյուսում Հայաստանը ցանկություն հայտնի շարունակել գործընթացը, դա կլինի այլ պայմաններով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ