Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական դիվանագիտության զրոյականացումը

Սեպտեմբեր 16,2013 13:59

parliamentmonitoring.am. Ազգային ժողովն իր աշնանային նստաշրջանն սկսեց Հայաստանի Մաքսային միության անդամակցության անսպասելի ցնցումով եւ մի ողջ քառօրյա խորհրդարանական մեծամասնությունը փորձում էր համոզել, որ ամենինչ եղել է Հայաստանի դիվանագիտության գծած ուղիով։ Գուցե ՀՀԿ- ՕԵԿ- ականներն այդքան էլ ժրաջանությամբ չփորձեին հերքել անհերքելին, եթե հենց նստաշրջանի մեկնարկին ընդդիմությունը աղմուկով չփորձեր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Արդեն հաջորդ օրը ԱԳ նախարարն ստիպված էր խորհրդարանական խմբակցությունների հետ փակ հանդիպմանը բացատրություններ տալ, թե ինչ է տեղի ունենում։ Ընդհանրապես՝ առաջին քառորդային Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում ամենաշատը երեւացող նախարարն էր, ինչն ինքնըստինքյան ցույց է տալիս, որ Հայաստանի` ՄՄ- ին անդամակցության հայտարարությունը տեղի է ունեցել արտառոց պայմաններում։ Թե այս փակ հանդիպումից, թե կառավարության հետ հարցուպատասխանից հետո հասկացանք մի բան՝ Հայաստանը կշարունակի իր եվրաինտեգրման քաղաքականությունն մինչ այն սահմանը, քանի դեռ այն չի խանգարի ՄՄ- ին (իմա. որքանով թույլ կտա Մոսկվան)։ Այս ամենում արտառոցը պատգամավորների, եւ հատկապես նորահայտ հանրապետական ու նախկին լրագրող պատգամավորների վարքագիծն էր, որոնք ամենաշատ ժրաջանությամբ էին փորձում «Պապից ավելի կաթոլիկ» լինել։ Մեկ ՍԻՄ նախագահ հանրապետական Հայկ Բաբուխանյանը, մեկ Մարգարիտա Եսայանը փորձում էին ապացուցել, որ արտառոց ոչինչ չի եղել ու դա կհասկանայինք, եթե ուշադիր լինեինք, թե ինչ էր ասում երկրի նախագահը։
Քանի որ ուշադիր եմ իմ նախկին ու ներկա գործընկերների ասածների նկատմամբ, որոշեցի նայել, ասենք վերջին մեկ տարում (սկսած 2012- ի սեպտեմբերի 3- ից) ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Մաքսային կամ Եվրասիական միության մասին։ Եվ այսպես՝ այդ ընթացքում, ըստ president.am- ի, Սերժ Սարգսյանն ունեցել է 35 (չհաշված վերջին՝ Վալենբերգին նվիրվածը) ուղերձ եւ ելույթ։ Դրանցում, այսինքն սեփական նախաձեռնությամբ, երբեւէ նա ոչ Մաքսային, ոչ Եվրասիական միության մասին խոսք, իսկ չի ասել։ Այդ նույն ընթացքում Սերժ Սարգսյանն ունեցել է լրագրողների հետ 11 հանդիպում, որոնցում միայն երկու անգամ է խոսել Մաքսային միության մասին։ Վերջին անգամ սեպտեմբերի 3- ին Վլ. Պուտինի հետ հայտնի իր հայտարարությունը։ Մեկ անգամ էլ մարտի 18- ին կազմակերպված մամուլի «ստերիլ» ասուլիսում պատասխանելով ՄՄ հարցին` ասել է. «Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել»։ Արդեն խոսքի շարունակության մեջ Սերժ Սարգսյանը խոսել է եվրաինտեգրման ու Հայաստանի «եւ…եւ»- ի քաղաքականության մասին։
Պիտի ենթադրել, որ խորհրդարանական մեծամասնությունը ուշադիր ասելով նկատի ունի հենց այս «եւ… եւ»- ը։
Դեռեւս 2012- ի հոկտեմբերի 3- ին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը Մամուլի ազգային ակումբում «եւ…եւ», թե «կամ… կամ» բանաձեւին տվել էր միանշանակ պատասխան՝ անդամակցությունը Եվրասիական միությանը կխանգարի Հայաստանի եվրաինտեգրմանը։ «Բարդ է, իհարկե, երբ Ռուսաստանից Եվրասիական միությանն ինտեգրվելու առաջարկ ես ստանում»,- ասել էր դեսպանը, միաժամանակ ընդգծելով, որ Մաքսային միության հիմքերը տարբերվում են ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու սկզբունքներից։ Դրանից վեց օր հետո, նույն ակումբում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին շեշտը դրեց Հայաստանի «եւ… եւ» բանաձեւի վրա «լսելու չտալով» Գերմանիայի դեսպանի խոսքերին վերաբերող հարցը։
Ցավոք սրտի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կերտողները առկա խնդիրները միայն «եւ… եւ» բառերով էին սահմանափակում, խորհրդարանական մեծամասնությունն էլ կրկնում էր այդ բառերը՝ փորձելով «լսելու չտալ» իրենց եվրոպական գործընկերների պատասխաններին։
Այսուհետ մեր խորհրդարանականների համար ավելի հեշտ կլինի, իհարկե։ Ի տարբերություն եվրոպական կառույցների, որտեղ ներկայացուցչական մարմինների կարծիքը հաշվի են առնում, Մաքսային միության երկրներում պատգամավորները միայն մեկ առաքելություն ունենք՝ ստեղծել երկրում ներկայացուցչական իշխանության պատրանք։ Այ դա, մեր խորհրդարանականները, իրոք, լավագույնս կարող են անել։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30