Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյանը օգոստոսի 27-ին պնդում էր, թե Հայաստանը ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը

Սեպտեմբեր 16,2013 13:09

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելուց մեկ շաբաթ առաջ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ՌԴ-ի կողմից առաջիկա 2-3 ամիսներին հնարավոր ճնշումները Ձեր կարծիքով՝ կարո՞ղ են հանգեցնել նրան, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից, նշել էր, թե «ՀՀ-ն ի վերջո պետք է ստորագրի Ասոցացման պայմանագիրը»: 

Այնուհետև հավելել էր. «Կարծում եմ՝ սա ուշացած խոստովանություն է, որ այդ՝ «մաքսային միություն» կոչվածը խոչընդոտ է: Այն ոչ միայն խոչընդոտ է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի համար, այլեւ սպառնալիք հայկական պետականությանը: Իսկ ուշացած է, որովհետեւ հակառակ դեպքում անձամբ Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով չէր դրվի շրջանառության մեջ, այսպես կոչված, «եւ-եւ»-ի բովանդակազուրկ գաղափարը, ըստ որի՝ ենթադրաբար, հնարավոր է Եվրամիության հետ ինտեգրումը համատեղել Պուտինի՝ նեոկայսերական «հողահավաքի» գաղափարի վրա հիմնված ինչ-որ պրոյեկտների հետ: Իհարկե՝ ո՛չ: Դա ուղղակի ինքնախաբեություն է: Ավելին, Ասոցացման պայմանագիրը Հայաստանի համար քաղաքակրթական, պատմական, ռազմավարական առումներով պարզապես այլընտրանք չունի»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե փաստորեն մեկ շաբաթ առաջ անգամ չեք կարողացել ճշգրտորեն կանխատեսել քաղաքական գործընթացները, և արդյոք դա չի՞ վնասում քաղաքագետի վարկանիշին, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Ես ոչ թե պատասխան եմ տալիս Սերժ Սարգսյանի, այլ իմ ասածների համար: Իսկ ես ասել եմ, որ «և-և-ի» քաղաքականությունն ուղղակի ինքնախաբեություն է և վաղ թե ուշ պետք է հանգել հենց «կամ-կամ»-ի: ՀՀ նախագահն էլ ընտրություն արեց այդ «կամ-կամ»-ի ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Մնում եմ այն կարծիքին, որ դա ՀՀ-ին ոչ մի լավ բան չի խոստանում, հակառակ է պետության զարգացման տրամաբանությանը»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իր վարկանիշը դրանից չի տուժում ու մանրամասնում. « Ես վարկանիշի խնդիր չունեմ, ով որ ղալաթն արել է, թող նա էլ մտածի վարկանիշի մասին: Կամ նա, ով ամեն ինչ արել է, որ դա տեղի ունենա, կամ մատը մատին չի խփել, որ դա տեղի չունենա, թող նա էլ իր անցավորների հոգիների ու իր երեխաների առաջ պատասխան տա: Կներեք, եթե մարդիկ կան, որոնք այլ կերպ են մտածում, արդեն թող իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն»:

Ըստ փորձագետի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը «եղել է վերջին պահի որոշում, ռուսական շանտաժի պրոդուկտ, և այդ շանտաժը տեղ է հասել թե´ ՀՀ իշխանությունների, թե´ Եվրոպայի կողմից կատարված սխալների հետևանքով»: Ռուբեն Մեհրաբյանը շարունակեց միտքը. «Եվրոպացիները հույսները դրել էին, որ ՌԴ-ն իրեն ոչ թե խուլիգանի պես, այլ պարկեշտ կպահի: Իսկ դրա մասին ես վաղուց եմ զգուշացրել: 2008 թվականը մեզ ցույց տվեց, որ Ռուսաստանը խուլիգան է գոնե հետխորհրդային տարածքում: Դրա համար պետք էր ՀՀ-ում մեծացնել ամրության պաշարը, ճնշում գործադրել եվրոպացիների կողմից ՌԴ-ի վրա: Ես միշտ էլ նշել եմ, որ անվտանգության տարրը արևելյան գործընկերության ստրատեգիայում պակասում է»:

Պարոն Մեհրաբյանը շեշտեց, որ ինքը շարունակում է մնալ այն համոզմանը, որ եվրաինտեգրումը այլընտրանք չունի և «այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը, արվեց պարտադրանքի ներքո»: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ «ամեն ինչ սիբիրյան վալենոկի պես պարզ է»:

Մաքսային միությանն անդամակցությունը, ըստ փորձագետի, նշանակում է այն, որ հայ-վրացական սահմանը դառնալու է նույնը, ինչ ռուս-վրացական: Շարունակելով միտքը մեր զրուցակիցն ասաց. «Մեր մաքսավճարների մակարդակը պետք է բարձրացվի այն աստիճանի, որ պաշտպանի ռուս ապրանքարտադրողների շահերը: Դա տրամագծորեն դեմ է հենց ՀՀ-ի շահերին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    մեր փորձագետներըըըըըըըըը, փորձանք են,կեսը աշխատում են պետպատվերով, մի քանիսը պատահական պատվերներով, մինչև հիմա լուրջ փորձագիտական եզրակացություն չտեսանք,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30