Երեխաները մեր կյանքի ամենափայլուն և նուրբ էակներն են: Նրանք կարծես բողբոջ լինեն, որոնք մշտական խամքի ու հոգատարության կարիք ունեն… Երեխաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ու մոտեցում պետք է ցուցաբերել ցանկացած տարիքում և մանավանդ` առաջին անգամ դպրոց գնալիս: Նոր միջավայր, նոր ընկերներ, նոր առօրյա. հենց այս շրջանն է առավել վտանգավոր և կարևոր երեխայի «ես»-ի ձևավորման համար: Մասնագիտական խորհուրդներով մեզ օգնեց հոգեբան Սուսաննա Ավետիսյանը:
Արդյո՞ք 6 տարեկան երեխան հոգեբանորեն պատրաստ է կտրվել անհոգ առօրյայից և դպրոց գնալ:
-Այո, այս տարիքի երեխաներն արդեն կարողանում են որոշակի առարկաներ, գույներ և պատկերներ ճանաչել: Եթե, օրինակ, նրանց տրվեն մի քանի առարկաներ, նրանք կարող են դրանք դասավորել ըստ գույնի, ձևի կամ չափի: Ուստի 6 տարեկանում երեխաներն արդեն բավականին պատրաստված են դպրոց գնալուն: Հենց այս տարիքում է նաև երեխաների մեջ աշխարհը ճանաչելու պահանջ առաջանում, և դպրոցն է, որ բավարարում է նրանց պահանջմունքը:
Ամեն դեպքում երեխաները բարդույթավորվում են նոր միջավայրում հայտվելիս: Ինչպե՞ս պետք է ծնողները երեխաներին հոգեբանորեն տրամադրեն դպրոց գնալուն:
Կարդացեք նաև
-Այն երեխաները, որոնք մանկապարտեզ կամ քոլեջ են հաճախել, նոր միջավայրում մեծ դժվարություններ չեն ունենա, քանի որ պատրաստված են թե հոգեպես, թե ֆիզիկապես: Նրանք ընտելացած են ռեժիմով ապրելուն, քնից շուտ արթնանալը, նույն ժամին տուն գնալը կամ դաս սովորելը նրանց սովորական առօրյան է:
Ինչպե՞ս վարվեն այն ծնողները, որոնց երեխաներն, այնուամենայնիվ, քոլեջ կամ մանկապարտեզ չեն հաճախել:
-Այս դեպքում խնդիրը մի փոքր այլ է: Նրանք դպրոցում կունենան և՛ շփման, և՛ ռեժիմի խնդիր: Կարևոր է, որ ծնողները նրանց ռեժիմը կարգավորեն դպրոց գնալուց մեկ տարի առաջ: Հարկավոր է երեխային արթնացնել շուտ, սահմանել ռեժիմով առօրյա: Ճիշտ կլինի երեխային ծանոթացնել նաև դասապրոցեսին, ուսումնական նյութերին: Հակառակ դեպքում ռեժիմի կտրուկ փոփոխությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ:
Կա՞ն խնդիրներ, որոնք ընդհանուր և անխուսափելի են բոլոր առաջին դասարանցիների համար:
-Իհարկե կան: Դրանցից գլխավորն ու ընդհանրականը հետևյալն է` «յոթ տարեկանի կամ ութ տարեկանի ճգնաժամ»: Ինչ է դա նշանակում. դպրոց գնալուց մեկ տարի անց բոլոր երեխաների մոտ սկսվում է ճգնաժամ: Բանն այն է, որ սկզբնական շրջանում նա գնում է դպրոց և չգիտի այնտեղ տիրող իրավիճակի և իր պարտականությունների մասին: Այդ մեկ տարվա ընթացքում նրա մեջ ի հայտ են գալիս մի շարք նոր ընդունակություններ` 45րոպե նստելու, դասը ուշադրությամբ լսելու և այլն: Նա ձեռք է բերում նոր ընկերներ, փոխվում է նրանց սոցիալական վիճակը` նախադպրոցական տարիքից անցնելով դպրոցականի: Այս փոփոխությունների արդյունքում երեխան ճգնաժամ է ապրում, որովհետև հասկանում է, որ դպրոցը խաղ չէ: Ձևավորվում է պատասխանատվության զգացումը: Երեխաներն աշխատում են ստանալ բարձր գնահատականներ, որոնք, ի դեպ, ազդում են նաև երեխայի ինքնագնահատականի վրա. այսպիսով նրանք գիտակցում են դպրոց գնալու լրջությունը:
Շարունակությունը կարդացեք mynews.am-ում:
Հեղինակ՝ Հասմիկ Մանուկյան