Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու կերպարի «օգուտները»

Սեպտեմբեր 16,2013 11:56

20-րդ դարի սկզբին Ավստրիայում ապրում էր մի դյուրագրգիռ պատանի, որը առանձին հաջողությունների չէր հասել ոչ ուսման մեջ, ոչ աղջիկների մոտ, փորձում էր նկարել, բայց կերպարվեստի բնագավառում էլ տաղանդ չուներ: Եվ ահա այդ պատանին սկսեց խորը մտածել, թե ով է պատասխանատու իր «դժբախտությունների» համար: Մտածեց-մտածեց, եւ ի վերջո պատասխանը գտավ՝ մեղավոր են հրեաները: Դուք հաստատ լսել եք այդ երիտասարդի մասին՝ նրա անունը Ադոլֆ էր: 

Հետագայում պարզվեց, որ որոշ բնագավառներում նա, այնուամենայնիվ, տաղանդ ունի, եւ որոշակի (ինձ համար անընդունելի) չափանիշներով նա «մեծ հաջողությունների» է հասել: Բայց քանի որ նրա աշխարհայացքի հիմքում սխալ մեկնակետ էր դրված (մեղավորներ փնտրելը), Ադոլֆի «հաջողությունները» թանկ նստեցին աշխարհի վրա:
Պարտադիր չէ, իհարկե, հոգեկան շեղումներ ունենալ՝ մտածողության այդ սխալ ուղղությանը տուրք տալու համար. միլիոնավոր միանգամայն ադեկվատ մարդիկ հենց այդպես էլ մտածում են: Քեզնից դուրս մեղավոր փնտրելը հեշտ է, ազատում է քեզ պատասխանատվությունից, մյուս կողմից էլ սահմանափակում է քո ազատությունը:
Աշխարհը քո նկատմամբ պետք է «արդար լինի» (ինքնին շատ մշուշոտ ձեւակերպում է), բայց քանի որ իրական կյանքում «անարդար է», քեզ ընտրություն չի մնում՝ բողոքել այդ անարդարության դեմ: Երբեմն, այդ բողոքը «պայքար» են անվանում: Main Kampf, այսպես ասած:
Հակասեմիտիզմը, ընդհանրապես ռասիզմը, նման մտածողության, թեև մասնավոր, բայց «դասական», ակնառու ձեւ է: Երբ որեւէ ազգի ներկայացուցիչ հայտարարում է, որ աշխարհի ամբողջ արվեստը կամ ամբողջ բիզնեսը հրեաների ձեռքն է, եւ նրանք խոչընդոտում են մնացածների առաջխաղացմանը, երբ Ռուսաստանում մարդիկ մտածում են, որ միգրանտները (այդ թվում նաեւ հայերը) խլում են նրանց աշխատատեղերի եւ, հետեւաբար, բարեկեցության մի մասը, երբ Հայաստանում մարդիկ ասում են՝ ղարաբաղցիներն եկան ու մեզ իշխեցին՝ այդ ամենը, անկախ նրանից, թե որ տոկոսով է ճիշտ, մեղավոր փնտրելու եւ թշնամու հարմար կերպար կերտելու մեխանիզմ է:
Ամենավատն տարբերակն այն է, երբ մարդիկ սկսում են դրա դեմ «պայքարել»: Այսինքն, դու չես կարողանում դառնալ այնպիսի ջութակահար կամ այնպիսի գործարար, որ ոչ մի հրեա քեզ չկարողանա խանգարել, դու արժանապատվությունից ցածր ես համարում փողոց ավլել, բայց զայրանում ես, երբ դա անում է տաջիկը կամ ուզբեկը, դու չես կարողանում Հայաստանում իրագործել քո հավակնությունները եւ դարձել ես «աբիժնիկ»… Ու «պայքարում ես»: Ալբեր Քամյույի «Ժանտախտը» վեպում ինչո՞վ է զբաղվում բժիշկ Ռիյոն: Նա պայքարում է ժանտախտի դե՞մ: Ոչ, նա բուժում էր մարդկանց ժանտախտից: Իրական ճանապարհը դա է:
«Թշնամու կերպարն», անշուշտ, նաեւ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու հարմար միջոց է՝ այն տալիս է հեշտությամբ «ուտվող» կարծրատիպ, որն այլեւս ազատում է մտածելու անհրաժեշտությունից: «Ցանկացած հեքիաթ լավն է այնքան ժամանակ, մինչեւ որ չի հորինվում նորը»: Սրանք էլ Ջեյմս Ջոյսի հերոսներից մեկի խոսքերն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.kilroywashere.org-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Պն. Արամ Աբրահամյանին չեմ ճանաչում, հոդվածը գրված է պարզ ու մատչելի: Մեր շատ ու շատ քաղաքական “գործիչներ”-ի խորհուրդ կտայի դասընթացների հաճախել պն. Աբրահամյանի մոտ, որ սովորեն այսպես կարճ ու ժողովրդի բոլոր խավերի համար հասկանալի արտահայտվել: Թե չէ մի երկու …իզմ այստեղից են վերցնում, մի երկու …ացիյա այնտեղից, հետո իրենք իրենց “էրուդիցիայի” մեջ խճճվում, ճիշտ այն անեկդոտի նման` “Здравствуйте! Пишет Вам тонкая ценительница Шопенгауэра и других умных слов…”

  2. Լիովին համամիտ եմ says:

    Համառոտ, հստակ, հասկանալի վերլուծություն. Լիովին համամիտ եմ.
    Այո, պատգամը միանշանակ է. սխալը ուրիշի մեջ չպետք է փնտրել. Դա այն լայն ճանապարհն է, որով չձևավորված անհատներ ու նույնիսկ հասարակություններ գնացել, գնում և գնալու են, ցավոք.
    Բայց նեղ ճանապարհով գնալը կամ այլ կերպ մտածելը շատ քիչ անհատներին է տրված, քանզի դրա համար նվազագույնը պիտք է ունենալ հզոր հոգեմտավոր կերտվածք և լայն աշխարհայացք.
    Կես կանատկ կես լուրջ այսօր բոլորն աշխարհի անարդարություններից ու զանազան թերություններից բողոքում են, բայց ոչ ոք իր խելքից չի բողոքում, ահա և ամեն ինչ ասված է.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30