Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է մեծ կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին, կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։
Լեփ-լեցուն դահլիճում իսկական խաչատրյանական տոն էր։ Առաջին անգամ նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի Հանդիսավոր պոեմը, իսկ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Հանդիսատեսը մեծ ցնծությամբ ընդունեց կատարումները և հոտնկայս ծափահարություններով երկար ժամանակ չէր թողնում երաժիշտներին հեռանալ բեմից։ Սերգեյ Խաչատրյանը ներկաներին նվիրեց ևս երկու սոլո կատարում։
Համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց այն հանգամանքը, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտները, ովքեր հանդես են գալիս լավագույն նվագախմբերի հետ, գալիս են Հայաստան և ելույթ ունենում հայրենիքում։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ նշեց, որ համերգն ուղղակի փայլուն էր։ Նա ընդգծեց, որ Սերգեյ Խաչատրյանն իրավամբ այսօր աշխարհի լավագույն ջութակահարներից է։
Համերգից հետո Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ առանց երաժշտության ապրել չի կարող։ Երաժշտությունն ինձ համար այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես։ Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ։ Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ։ Ինձ համար երաժշտությունից մաքուր երևույթ չկա՚,- նշեց Սերգեյ Խաչատրյանը։ Նա առանձնահատուկ նկատեց, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. ՙԵս Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթև, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է։ Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է՚։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին