«Հենց սրա մասին էր, որ մենք նաեւ խոսում էինք: Պարզ է նաեւ, թե մեր կողմը, թե եվրոպական կողմը`պարոն Ֆյուլեի գլխավորությամբ, նշեցին, որ այն փաստաթուղթը, որը մինչ օրս մշակվել է, ունի բավականին լուրջ իրավական եւ քաղաքական հիմք, որի վրա կարող է մշակվել նաեւ այլ փաստաթուղթ, որը հետագայում կարող է ենթակա լինի ստորագրման: Այն ամենն, ինչ մենք խոսում ենք այս տարիների, հատկապես, վերջին օրերի ընթացքում, տեսնում ենք, որ եթե այլ բան չխանգարի, կարող է նաեւ իրականություն դառնալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի Երեւանում արած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ եվրոպացի չինովնիկը, մասնավորաբար, ասել էր .«Նախ առաջին՝ մենք լուրջ ենք, երբ ասում ենք, որ հարգում ենք մեր գործընկերների ազատ կամարտահայտությունը: Մենք նույնքան լուրջ ենք, երբ պայմաններ ենք սահմանում, պայմաններ ենք ստեղծում այդ ազատ կամարտահայտումը իրականություն դարձնելու համար: Երկրորդը՝ մենք մեր գործընկերների առջեւ դռներ փակելու գործով չենք զբաղված, եթե կա հետաքրքրություն եւ հավակնություն: Եվ երրորդը՝ եղել է շատ ինտենսիվ գործընթաց վերջին երեքուկես տարիներին: Մենք շատ բովանդակալից տեքստ ունենք, այդ տեքստը չի անհետանալու, մնալու է, պահպանվելու է նաեւ մեր կամքն ու պատրաստակամությունը՝ քայլելու դեպի մեր գործընկերները»:
Հովհաննես Սահակյանը նաեւ նկատեց, որ ի սկզբանե էլ խոսելով եւ Մաքսային միության միասնական գոտուց, եւ ԵՄ Ասոցացման համաձայնագրից`իր բաղադրիչներով, իրենք մշտապես ասել են, որ չեն հակադրում դրանք, այլ համադրում են: Իսկ համադրելն իր մեջ պարունակում է մի շարք ենթատեքստեր, շերտեր, բովանդակություններ:
Շտեֆան Ֆյուլեի հայտարարության համատեքստում, մի փոքր ավելի վստահ դիրքերից, իշխող կուսակցության ներկայացուցիչը դիմելով այն ընդդիմադիր գործիչներին, որոնք վերջին օրերի ընթացքում նախատում էին իշխանություններին`Եվրոպայի առջեւ Հայաստանի դռները փակելու համար, ասաց. «Այն ընդդիմադիր ուժերին, փորձագետներին, հրապարակային կարծիք արտահայտողներին, հորդորում եմ իրենց կարծիքը հայտնելուց առաջ մի փոքր էլ մտածել մեր երկրի վաղվա օրվա մասին, մեր երկրի շահերի մասին: Որովհետեւ եթե ոմանք կամ որոշները նստած սպասում էին, թե ե՞րբ էինք մենք լուրջ խնդիրներ ունենալու ՌԴ-ի հետ եւ անվտանգության մի նժարին դրվեր ԼՂՀ անվտանգության, մյուսին`ՀՀ անվտանգության խնդիրը, իրենք էլ կարողանային այդտեղ ինչ-որ մի տեղ մանեւրել, ևս մեկ անգամ տեսնելով, որ չարաչար սխալվում են, ևս մեկ անգամ սկսեցին խոսել`իրենք էլ չհասկանալով թե ի՞նչ»:
Միեւնույն ժամանակ, իշխող կուսակցության ներկայացուցիչը չի համարում, որ պետք է հանգստանալ`ասել, թե ամեն ինչ նորմալ է, այլ պետք է քրտնաջան եւ ամենօրյա աշխատանք. «Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է եւ պետք է այն ամենը` հնարավորի սահմաններում եւ սահմաններից դուրս անենք, որպեսզի մեր երկիրն ունենա ավելի կանխատեսելի ապագա ու զարգացումներ»:
Հարցին`ի՞նչ մտավախություններ ունի իշխող կուսակցության ներկայացուցիչը, ի՞նչը պետք է խանգարող հանգամանք հանդիսանա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ամենն, ինչը որ մինչեւ վերջ վերջնական փուլով չի իրականանում, ես հակված եմ մտածելու, որ դեռեւս տեղ կա ինչ-որ մի բան, լավ կամ վատ առումներով, այնպես չլինելու: Ես պրագմատիկ մարդ եմ: Այս պարագայում ևս վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց ինչպես մեր մեծերն են ասել`Աստծուց առաջ չընկնենք ու սպասենք, թե գործընթացներն ավելի նպաստավոր առումով ինչ զարգացում կստանան»:
Դիտարկմանն`արդյոք, պարոն Ֆյուլեն իր նման հայտարարություններով չի՞ փորձում փրկել սեփական դեմքը, քանի որ, փաստորեն, այս գործընթացը նաեւ իր տապալումն էր, Հովհաննես Սահակյանը հակադարձեց, որ չհամաձայնելով դրական քայլերի հետ՝ կարելի է ամեն ինչ մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում ես, անգամ եթե այդ միտքն արտահայտողը հայաստանյան քաղաքական գործիչ չէ ու իշխող կուսակցության անդամ չէ, անգամ եթե այդ միտքն արտահայտողն այդպիսի բարձրակարգ դիվանագիտական կոչումով եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում առաջնային մանդատ ունեցող մարդ է:
«Ինչ ձեւակերպում ուզում են`թող տան, բայց մեր երկրի գործերը հաջող ընթանան: Նման կարծիք ունեցողներից յուրաքանչյուրն էլ իր հոգու խորքում, կարծում եմ, մի փոքր հայ է եւ գիտի`թե ի՞նչ է նշանակում այս ամենը մեր երկրի, մեր ժողովրդի համար»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ