Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքալիի հանդիպումը ինչո՞ւ է հետաքրքրել Ադրբեջանի հեռուստաընկերություններին

Սեպտեմբեր 15,2013 22:18

Սեպտեմբերի 14-ին  Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ  Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ:  «Թեքալիի գործընթացը  որպես հարավային Կովկասում հակամարտությունների լուծման սոցիալական մոդել», «Հարավկովկասյան շուկա»  թեմաներով կայացան քննարկումներ, «ազատ միկրոֆոն» ընթացակարգով քննարկվեց Մառնեուլիի շրջանի  ադրբեջանաբնակ Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Փելենգովի  հետ կապված խնդիրը, ներկայացվեցին  հանդիպման մասնակիցներ  Պարույր Հայրիկյանի «Դեպի բացարձակ ժողովրդավարության ճանապարհին» եւ ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» գրքերը:

Թեքալի գյուղում  հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողների, հասարակական գործիչների, 3 երկրների բնակիչների  հանդիպումները մի քանի տարի  շարունակվում են, սակայն առաջին անգամ այն լուսաբանելու էին էկել Ադրբեջանի  «AZ TV» եւ «ATV» հեռուստաընկերությունների  թղթակցական խմբերը: Հանդիպման  ադրբեջանցի մասնակիցներին  հարցրեցինք, թե ինչն է պատճառը, որ ադրբեջանական հեռուստաընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերել  այս հանդիպման   նկատմամբ: Նրանք  մեզ ոչ պաշտոնապես հայտնեցին, որ պատճառը Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններն են:

Վրաստանի ադրբեջանացիների ֆորումի ղեկավար Զեմֆիրա Ադիմբեկովան , Սադախլոյի բնակիչ Սաբիր Մեհթին, Սադախլոյի եւս մեկ  բնակիչ    անդրադառնալով Սադախլոյին հարակից ադրբեջանական Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Փելենգովի (վերջինս մեղադրվում է օգոստոսի 20-ին  հայ-վրացական սահմանը անօրինական խախտելու մեջ եւ ներկայումս անազատության մեջ  է  Հայաստանում-Ո.Ս.) գործին, մեղադրեցին հայ սահմանապահներին , ովքեր  խորանում են վրացական տարածքի մեջ, հայտարարեցին, թե  Հարավային Կովկասի երկրների անկախանալուց հետո տեղի է ունենում Հայաստանի կողմից  Վրաստանի տարածքի զավթում, ասացին, որ  Սադախոլի եւ հարակից գյուղերի բնակիչները  տուժել են հայ  սահմանապահների  գործողություններից:

Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ դեռեւս 2011թ. իրենց կողմից Նոյեմբերյան քաղաքում հայ-վրացական սահմանի դեմարկացիային նվիրված քննարկում է կայացել, որ ինքը ակտիվորեն հետաքրքրվում է  Ալլահվերդի Փելենգովի վիճակով:  Տողերիս հեղինակը՝«Առավոտի» թղթակիցը իր ելույթում ասաց, որ  Թեքալիի գործընթացում տիրում է հանդուրժողականության  մթնոլորտ, որին հարիր չէին ադրբեջանցիների  ելույթները:  Նաեւ հարց հնչեցրինք, թե ինչպես  են ադրբեջանցի բանախոսները հայտարարում  հայ սահմանապահների կողմից սահմանի խախտման մասին, եթե սահմանագիծը դեռ որոշված չէ, նաեւ նշեցինք փաստեր, երբ վրացի սահմանապահներն են խախտել  սահմանը: Մենք  կարծիք հայտնեցինք, որ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները պետք է արագացնեն  հայ-վրացական սահմանագծման ավարտը: Նաեւ հիշեցրինք, որ  սահմանագծման խնդիրներ կան նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, օրինակ՝  երկու երկրների սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելիության հարցը:

Հայաստանի գրողների միության  Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը իր ելույթում տարօրինակ համարեց, որ ադրբեջանցիներն են հանդես գալիս  որպես Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպաններ, իսկ Վրաստանի կառավարությունը  նման խնդիր չի տեսնում:  Ս. Բեգլարյանը նաեւ տարակուսանք հայտնեց,թե  ինչպես է փոքրիկ Հայաստանը կարողանում  զավթել   հարեւան,  տարածքով եւ բնակչությամբ  ավելի մեծ  երկրների տարածքները:

Ուշագրավ է, որ Սադախլոյի ներկայացուցիչները եւ  Զեմֆիրա Ադիմբեկովան իրենց ելույթներն ավարտելով՝ լքել էին հանդիպման տարածքը, այդպես էլ  չլսելով հայ մասնակիցների խոսքը:

PrevPhoto
NextPhoto

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30